Ճիշտ է արել, 100 մլն-ի պայմանագիր էլ պետք է կնքել Իրանի հետ՝ հարվածային ԱԹՍ ձեռք բերելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արթուր Ղազինյան Լավրով

Նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեք նախագահներն էլ խոսեցին Վեհարանում կայացած հանդիպման մասին. յուրաքանչյուրն իր ոճին, տեսակին ու քաղաքական որդեգրած գծին համապատասխան:

Երեքն էլ ընդունեցին, որ վիճակն օրհասական է, աղետալի, դրված է պետության գոյության հարցը: Նաև անուղղակիորեն փաստեցին, որ ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չունի. լուծումը վերքաղաքական է, վերկուսակցական:

«Խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարին հավատարիմ իշխանությունը Հնդկաստանի հետ ստորագրել է 250 միլիոն դոլարի զենք ու զինամթերք ձեռք բերելու պայմանգիր. լավ է արել, ճիշտ է արել, 100 միլիոնի պայմանագիր էլ պետք է կնքել Իրանի հետ՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար:

Առաջանում է մեկ կարևոր հարց. «խաղաղության դարաշրջան» բացելու հանձնառություն ունեցող իշխանությունը ինչի՞ համար է ձեռք բերում այդ ծավալի զենք, որ ի՞նչ անի: Միգուցե հասկացել ե՞ն, որ խաղաղություն կարելի է հաստատել ՄԻԱՅՆ պատերազմի պատրաստվելով: Ուրեմն իշխանությունը հասկացել է, որ «զորքերը ելման դիրքեր վերադարձնելու» միջազգային հանրության կոչերը չեն վերականգնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թշնամին կոչերով չի նահանջի ու պետք է նրան ստիպել հեռանալ Հայաստանի տարածքից:

Իշխանությունը պատրաստվում է պատերազմի ու դա այլևս անհերքելի փաստ է, բայց կարող է՞ այս իշխանությունը նոր պատերազմ վարել, ի զորու է՞ հաղթահարել «ծեծ կերածի» սինդրոմը:

Պատերազմը հաղթելու համար պետք է համազգային կոնսոլիդացիա, բացարձակ վստահություն իշխանության, գլխավոր հրամանատարի ու զինված ուժերի նկատմամբ, ինչպես նաև համահայկական պայքարի բարձր ոգի:

Կարող է՞ այս իշխանությունը ապահովել այս նախապայմանները, վստահում ե՞ն մեր քաղաքացիները այս իշխանությանը, կկռվե՞ն զինվորները այս գլխավոր հրամանատարի գլխավորությամբ:

Իմ խորին համոզմամբ ՈՉ, չի ստացվելու, խաղաղության մանդատ ստացած ուժը պատերազմել չի կարող, Հայ ժողովուրդը նրան պատերազմելու մանդատ ՉԻ ՏՎԵԼ և եթե այս իշխանությունը գնաց նոր, ավելի մեծ մասշտաբի պատերազմի, մենք ուղղակի դատապարտված ենք պարտության:

Պատերազմի պայմաններում քաղաքական գործընթացներ չեն վարում. դա շատ վտանգավոր է՝ հատկապես պառակտված հասարակության մեջ, որտեղ քաղաքական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը շատ ցածր է: Պատերազմի ժամանակ պետք է համազգային բոլոր ռեսուրսների կոնսոլիդացիա, ինչին հնարավոր չի լինի հասնել քաղաքական հարթության մեջ. իշխանության լեգիտիմությունը զրոյական է, իսկ քաղաքական ընդդիմությունը չի կարողանում հասնել իշխանափոխության:

Խնդրի լուծումը տեխնոկրատ հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն ձևավորելն է, «ազգ-բանակ» հայեցակարգին անցումը, որտեղ անգործ մարդ չպետք է լինի. բոլորը պետք է զբաղվեն իրենց գործով, իրենց մասնագիտությամբ՝ պետության անվտանգությանը ծառայելու բարձր նվիրումով:

Կստացվի՞ լուծել այս խնդիրը, մեծապես կախված է իշխանության որոշումից ու վարքագծից. կամ կգիտակցեն այս ամենն ու կհեռանան, կամ կառաջնորդվեն իրենց քաղաքական ու կուսակցական շահերով ու մենք կկորցնենք մեր պետությունը . . .»:

--00—ԼՄ

Տեսանյութեր