Բոլոր առողջ ուժերը պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ю

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը երեկվա ասուլիսում շատ ավելի հստակ խոսեց, քան նախորդում։ Անկեղծ էր ինչպես ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերում, այնպես էլ իրենց անելիքների ու ելքերի։ Նա անընդհատ խոսում էր կոնսոլիդացիայի մասին, եւ մեր հարցն էլ վերաբերում էր դրան։

«Շատերն են նկատում, որ ընդդիմության ներսում կոնսոլիդացիա չկա, նկատվում է ակնհայտ լարվածություն լիդերների՝ Ձեր եւ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ձեր թիմակիցների միջեւ, Դիմադրության շարժման օրերին դուք այդպես էլ 2 նախագահներով միասնաբար հանդես չեկաք, չկանգնեցիք մեկ հարթակում։ Բացի այդ, պարբերաբար Ֆեյսբուքում փոխհրաձգություններ են ձեր թիմերի միջեւ՝ միմյանց մեղադրում են, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին, ով պահեց նրան, ով է ամրապնդում նրա դիրքերը։ Չե՞ք ցանկանում փոխել ձեր մարտավարությունը: Խոսքս ընդդիմությանն է վերաբերում: Եվ եթե չեք հեռանում ասպարեզից, ապա չե՞ք ցանկանում միասնաբար հանդես գալ եւ, ինչո՞ւ ոչ` առաջարկել նաեւ միասնական լիդեր, որպեսզի մարդիկ իմանան, թե ում հետեւից են գնում»,-  հարցրինք ՀՀ երկրորդ նախագահին։

Նա պատասխանեց․ «Երեւի ամենից շատ քննարկվող հարցն է։ Դուք իրոք մտածում եք, թե հնարավոր է տարբեր քաղաքական միավորներ միավորել այնպես, որ ներքին հակասություններ ընդհանրապես չլինե՞ն։ Սա ուղղակի անհնար բան է։ Բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ միավորվել, եւ Դիմադրության շարժման ժամանակ, այո, միասին, ձեռք-ձեռքի տված՝ աշխատել են տարբեր կուսակցություններ։ Դա չի նշանակում, որ իրենց մեջ որոշակի տարաձայնություններ իսպառ բացակայում են։ Էդպես չի լինում»։

Հետո անդրադարձավ իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններին։ «Դուք ասում եք՝ ես եւ երրորդ նախագահն ինչու միասին մեկ հարթակում չենք կանգնում։ Միանգամից էլի հին-նոր, ղարաբաղցի-հայաստանցի թեմա՞ն մեջտեղ բերենք։ Ինչի՞ համար։ Ի վերջո, մենք գիտենք, որ այդ թեման ամենից խոցելի թեմաներից է եղել՝ մեր դեմ ուղղված, ընդդիմության դեմ ուղղված։ Հիմա մի կողմից մարդկանց վախեցնում են նոր պատերազմով, վախեցնում են Ղարաբաղով, հին ու նորի բաժանող թեզն են կիրառում, հիմա Դուք առաջարկում եք, որ մենք այդ թեզի կիրառման համար պատկե՞ր տանք։ Նաեւ, այո, պատճառներից մեկը սա է»,- խոստովանեց Քոչարյանը։ Ապա ավելացրեց, որ ամեն այսպիսի շարժման ժամանակ մտածում է, որ գուցե առաջ գան երիտասարդ առաջնորդներ, որոնք կարող են իրենց փոխարինել։

«Դուք մի արտահայտություն օգտագործեցիք՝ ասպարեզից չեք հեռանում։ Էդ ասպարեզը՝ ընդհանրապես բնությունի՞ց, թե՞ քաղաքականությունից։ Հիմա ի՞նչ անենք, մենք հիմա կանք, ես կամ, ես գոյություն ունեմ, դատավոր Դանիբեկյանն ինձ թույլ էլ չի տալիս, որ ես Հայաստանից բացակայեմ։ Ես իմ լինելու մեջ ի՞նչ մեղք ունեմ։ Եվ էնքան ժամանակ, ինչքան ես շնչեմ, ապրեմ, Հայաստանում լինեմ, էդ թեման լինելու է»,- ասաց Քոչարյանը։

Փորձեցինք բացել հարցը` լրացրինք, թե ինչ խնդիրներ ունեն Սերժ Սարգսյանի հետ։ Ու չնայած Քոչարյանի ասուլիսը վարող Ագնեսան համառորեն չէր ցանկանում, որ նման հարցեր հնչեն, ընդհատում էր, թե սա հարցազրույց չէ, ասուլիս է, բայց Քոչարյանը հակված էր այս չարչրկված թեմայով բաց ու անկեղծ պատասխաններ տալուն. «Խնդիր չունեմ ես Սերժ Սարգսյանի հետ։ Քաղաքական հարցերի վերաբերյալ՝ իշխանափոխություն եւ այլն, ես որեւէ խնդիր չունեմ։ Չենք հավաքվում, ամեն օր իրար հետ քեֆ-ուրախության, հարսանիք, կնունք, թաղում չենք գնում, բայց էս է վիճակը։ Մի փնտրեք ինչ-որ մի բան, որը կա՛մ չկա, կա՛մ այն չափի չէ, ինչ ուզում եք տեսնել»:
Զրուցեցինք «մրցակից» թիմի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի հետ։ «Ինձ համար երկրորդ նախագահի ասածները, գլոբալ առումով, նորություն չեն։ Այսինքն՝ իր գնահատականները փոփոխության չեն ենթարկվել։ Վիճակն օրհասական է, եւ գլխավոր հարցն այն է, որ էս անձնավորությունը եւ էս իշխանությունը Հայաստանը տանում են կործանման։ Ինչ վերաբերում է նախագահների հանդիպմանը, Ռոբերտ Քոչարյանը բավականին կոռեկտ խոսեց եւ ասաց, որ դուռը փակված չէ, Աստված տա՝ դուռն ավելի բացվի, եւ կարողանան պետական ուժերով հասկանալ էս իրավիճակից դուրս գալու ճանապարհը»,-ասաց նա։

Քոչարյանի ու Սարգսյանի հարաբերությունների մասին էլ Շարմազանովն ասաց. «Ես կարող եմ քաղաքական առումով ասել իմ կարծիքը, իսկ անձնական առումով ով ում հետ ինչ չափով է մտերիմ, դա իմ ի՞նչ բանուգործն է։ Կարեւորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես պետական գործիչ, որպես նախկին նախագահ, որպես մարդ, որը մտահոգ է ու նաեւ ունի քաղաքական աջակցություն, նույնը՝ երրորդ նախագահը․․․ ունեն ընկալում, որ Հայաստանին պետք է նոր իշխանություն, որը կլինի պրոֆեսիոնալ, պետական մտածողության եւ ազգային գաղափարախոսության կրող։ Իսկ մնացածը՝ իրենք իրար հետ շփվում են, խաշ են ուտում, իրար տուն են գնում, թե չէ, դա ինձ չի վերաբերում»։

Շարմազանովը բնական համարեց, որ 2 նախագահներն ունեն ընդհանուր մտահոգություններ, քաղաքական եզրեր, բայց տարբեր հարցերում՝ տարբեր կարծիք։ «Էդ իմաստով՝ երկրորդ նախագահի ասածը, որ Հայաստանի խնդիրների հետ կապված կա նույն մտահոգությունը, նորմալ է։ Ամենակարեւորը` ուզում եմ ասել, որ ես տեսել եմ երկրորդ նախագահի մոտ էդ անառողջ ամբիցիաների բացակայությունը։ Գլոբալ առումով՝ պետական մտածողություն ունեցող մարդու գնահատականներ էին, եւ էդ իմաստով՝ էսօր մենք դրան դրական ենք վերաբերվում։ Բոլորի մոտ դա պետք է լինի։ Խնդիրն էսօր Հայաստանի գահավիժումը կանգնեցնելն է։ Եվ բոլոր առողջ ուժերը, ովքեր քարը քարին են դրել, մի կողմ պիտի դնեն իրենց տարաձայնությունները։ Ես գիտեմ, որ շատ բարդ է դա, բայց պիտի դնեն»,- ասաց Շարմազանովը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ