Ալիևը կզանգի ԱՄՆ ու կաղաչի, որ չանեն, եթե պատժամիջոցներ կիրառվեն. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News  

         

Ալիևը կզանգի ԱՄՆ ու կաղաչի, որ չանեն, եթե պատժամիջոցներ կիրառվեն։  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի համոզմամբ, Հայաստանի տարածքներ ներխուժելը հստակ հետևանքներ է ունենալու, Ալիևի վերջը վատ է լինելու, և, ըստ միջազգային իրագվունքի, մենք ունենք իրավունք ուժով ետ մղելու թշնամիներին, եթե, իհարկե, դիվանագիտական միջոցները անարդյունավետ են դառնում։ 
Մարուքյանը նաև հակադարձեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, նշելով, թե՝ ՀՀ-ն չի կապիտուլացվել, քանի որ կապիտուլյացիան իրավական հասկացություն է, իսկ այդ առումով Ճապոնիայի հետ համեմատվելը սխալ է։ 
Խոսելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ մենք  պետք է արագ լուծենք դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը ու կնքենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, իսկ Արցախի հարցում հիմա չենք կարող լավ բանաձև ստանալ, այսինքն՝ կարգավիճակը պետք է թողնենք ապագային։ Ըստ նրա՝ այս երկու գործընթացները պետք է զուգահեռ ընթացք ունենան։ 
Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարծիքով, Ռուսաստանի ազդեցությունը նվազել է տարածաշրջանում, փոխարենը Թուրքիայինն ու Ադրբեջանինը` մեծացել, այս առումով չենք կարող չաշխատել այլ ուժերի հետ, բացի այդ, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մեզ լուրջ քաղաքական աջակցություն են ցուցաբերում։

   --00—ԱՊ

Տեսանյութեր