Կարմիր խաչը աջակցում է Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և տեղահանված բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է ներքին տեղահանված անձանց մարդասիրական կարիքներին․

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը՝ մարդասիրական ոլորտում, այս օրերին ՀՀ կառավարության՝ մասնավորապես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, Առաջին օգնության պայուսակների տեսքով:

Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ  գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։  

ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է Թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Առաջնային կարիքի հաշվառման հարթակ:  

ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և Թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։

Հոգեբանական աջակցության համար մեր մասնագետներին կարելի է դիմել հետևալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։

--00—ԻԴ