Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ագրեսիան. հույն նահանգապետի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1092957 (1).jpg

Հունաստանի Ատտիկայի նահանգապետ Գիորգոս Պատուլիսը հայտարարություն է տարածել` խստագույնս դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։ Հայտարարության հայերեն թարգմանությունը տարածվել է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի էջում․

 «Միջազգային իրավունքի կանոնների հանդեպ հարգանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման միակ ճանապարհն է

Ատտիկայի «Նոր մեկնարկ» ֆրակցիան և ես անձամբ որպես Ատտիկայի մարզպետ, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ անկախ, թե որտեղից է այն բխում, բայց և բոլոր նրանց, ովքեր դիմում են այդ քայլին՝ իրենց տարաձայնությունները լուծելու համար:

Հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետությունների միջև վեճերին, նրանք պետք է հարգեն միջազգային իրավունքի նորմերը և միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք իրենց վեճերը լուծելու միակ ընդունելի ճանապարհն են։

Ադրբեջանի նոր ներխուժումը Հայաստան՝ նրանց միջև պատերազմի ավարտից և զինադադարի համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ տարի անց, բացի հարյուրավոր մարդկային կյանքերի անարդարացի կորստից, հանդիսանում է լրացուցիչ սպառնալիք մեր տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությանը, ինչն արդեն իսկ փորձարկվում է Ուկրաինայում շարունակվող պատերազմական հակամարտությամբ։ Եվրոպան չի կարող ընդունել և չի կարող հանդուրժել իր սահմաններին հերթական պատերազմական բախումը։

Ամբողջ միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան աշխարհը և ԵՄ-ն, բայց նաև նախորդ հակամարտության հրադադարի համաձայնագրում որպես երաշխավոր ստորագրած պետությունները, պետք է դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան, գործնականում կանգնեն Հայաստանի կողքին և պարտադրեն հարգել միջազգային իրավունքի կանոնները:

Եթե դրսևորվի որևէ հանդուրժողականություն բռնության և կամայականության նկատմամբ, դա կարող է առաջացնել պատերազմական հակամարտությունների նոր արատավոր փակ շղթա՝ ներառելով այլ երկրներ, որոնք ցանկանում են առաջ տանել իրենց շահերը պատերազմի և անկայունության միջոցով:

Բոլորի համար պատասխանատվության ժամանակն է, բայց նաև ճիշտ պահն է այստեղ՝ Հունաստանում և Ատտիկայում, մեր անմնացորդ զորակցությունը հայտնելու եղբայրական հայ ժողովրդին»:

--00—ԶՀ