Նենսի Փելոսիի այցի նպատակը ՀՀ-ն ՌԴ-ից պոկելն ու դեպի Արևմուտք տանելն է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News   

գգ

ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցելութունը, իհարկե, լուրջ քաղաքական երևույթ էր․ անկախության շրջանում առաջին անգամ է, որ նման բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Հայաստան: Խորհրդանշական էր, որ այցը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական վերջին ընդհարումից հետո, աշխարհի թիվ մեկ պետության կողմից քաղաքական գնահատական էր Ադրբեջանին՝ որպես բռնապետական, ոչ ժողովրդավար երկրի, որ ԱՄՆ-ն ժողովրդավարական երկրների կողքին է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Չեմ կարող ասել, որ Նենսի Փելոսիի այցը էական դերակատարում կունենա ՀՀ-ի կացության փոփոխության առումով, բայց միջազգային հանրության և հավաքական ընկալումների տեսակետից ամեն դեպքում պարզ է, որ ՀՀ-ն ընկալվում է որպես ժողովրդավար երկիր, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Իրական և օբյեկտիվ իրողությունն այն է, որ Նենսի Փելոսին ԱՄՆ-ում այն պետական գործիչն է, որը արտաքին քաղաքականության վրա շատ քիչ ազդեցություն ունի, որովհետև արտաքին և ռազմական քաղաքականության որոշումները, ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության, ընդունում է նախագահը, ինչպես նաև՝ պետքարտուղարը և Պենտագոնի ղեկավարը, այնպես որ, Նենսի Փելոսիի այցն ավելի շատ բարոյական և քաղաքական նշանակություն ուներ: Ներկայացուցիչների պալատը կարող է բանաձևեր ընդունել արտաքին իրավիճակների վերաբերյալ, ճանաչել ցեղասպանությունը կամ այդ բնույթի տարբեր բանաձևեր, բայց արտաքին քաղաքականության ռեալ կառավարումը դա նախագահի ձեռքին է»,- ընդգծեց նա:
Քեռյանի խոսքով, հայ հասարակության հատկապես արևմտամետ հատվածը չափազանցացրեց այցը և նշանակությունը:
«Ես գտնում եմ, որ չպետք է չափազանցնել, այստեղ կա աշխարհաքաղաքական գործոն՝ ԱՄՆ-ն միջնորդավորված պատերազմ է մղում ՌԴ-ի դեմ, որը մեր ռազմաքաղաքական դաշնակիցն է, հավաքական արևմուտքը՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն  և ՆԱՏՕ-ն նպատակ ունեն հետխորհրդային տարածքում նվազեցնել ՌԴ ազդեցությունը, սա հերթական քայլերից մեկն էր՝ ՌԴ-ն ՀՀ-ից պոկելու և դեպի Արևմուտք տանելու ուղղությամբ, իրական շահը սա էր»: 

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմում 5000 զոհ ունեցանք, այն դեպքում, երբ 30 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբում հաստատվում էր այն սկզբունքը, որ կողմերը չպետք է դիմեն ուժի: Ադրբեջանը պատերազմ սկսեց, բայց ոչ ոք ձայն չհանեց և տարբեր դիմակներով հանդես եկան՝ մեկը հայասեր, մյուսը մարդասեր, ու խաղաղասեր, չպետք է հիմար լինենք ու հասկանանք՝ ով ով է:
«Նրանք դեկլարատիվ ճանաչում են, թուղթը տպում դնում են մի կողմ, բայց իրական շահերը նրանց թելադրում է, որ Ադրբեջանի հետ փաթաթված ման գան․ և´ Ադրբեջանի նավթը ստանում են, և´ նավթադոլարները լցնում Բաքվի բյուջեն, որով մեր զինվորներին են սպանում: Եվրահանձնաժողովի նախագահը ժամանեց Բաքու և փաթաթվեց Ալիևին, ասաց՝ մեր վստահելի գործընկերն է և գազի մատակարարման հերթական պայմանագիրը կնքեց: Այս իրականությունը պետք է հաշվի առնենք և չպետք է տարվենք հայտարարություններով»,- ավելացրեց Քեռյանը:

 

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ