Մի կողմ թողնենք Փելոսիի այցն իբր «փրկչական» առաքելություն ներկայացնելու հրճվանքը․ պետք է լրջանալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News 

nu

Արեւելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Եթե մի կողմ թողնենք Նենսի Փելոսիի այցն իբր «փրկչական» առաքելություն ներկայացնելու հատկապես սոցցաներում տիրող հրճվանքը մի կողմից, և Ռուսաստանի «դիվականացումն» ու մեր լալկանությունը՝ մյուսից, ու փորձենք հասկանալ, թե Հայաստանն ինչ իրական օրակարգ կարող է առաջ մղել այս ամենի համատեքստում, ապա նախ պետք է սթափվել և լրջանալ։

Մեր ազգային շահերի և անվտանգային սպառնալիքների տեսանկյունից աշխարհում կան երկու դիվական և ծավալապաշտական վարչախմբեր՝ Բաքվում և Անկարայում, որոնցից առաջինը օբյեկտիվորեն բռնապետական է, իսկ երկրորդը՝ ավտորիտար։ Ըստ այդմ, դատելով, հենց Ն․ Փելոսիի հայտարարություններից, ԱՄՆ-ը ոչ միայն որևէ կերպ չի կարող աջակցել դրանց, այլ նաև պետք է օժանդակի Հայաստանին հենց դրանց դեմ պայքարում։ Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել այդ աջակցությունը։

Այս առումով՝ նվազագույնը, որ կարող է անել համաշխարհային գերտերություն ԱՄՆ-ը՝

1․ Դադարեցնել ցանկացած ռազմաքաղաքական օժանդակություն Բաքվի բռնապետական վարչախմբին և ծրագրել ու առաջ մղել Բաքվում ալիևյան վարչախմբի փոփոխություն,․ որին կարող է նպաստ բերել նաև Հայաստանը։

2․ Խստագույն պատժամիջոցների պայմաններում Հայաստանին տրամադրել բացառիկ արտոնություններ (ընդ որում, դրանք կարող են լինել լռելայն համաձայնության արդյունք) Ռուսաստանի և Իրանի համար դառնալու հարթակ այդ պատժամիջոցների հետևանքները մեղմելու առումով։ Դա հնարավորություն կտա Երևանին վերականգնելու իր սուբյեկտայնությունը միջազգային գործընթացներում, աննախադեպ ծավալներով վերականգնելու մեր պետության անվտանգության համակարգը և Հայաստանը դարձնելու Թուրքիայի մրցակից փաստացի առանձնաշնորհյալ իրավունքներով օժտված կարևորագույն «ամորտիզացիոն» հարթակ , որի միջոցով Վաշինգտոնը կարող է հարաբերվել նաև Թեհրանի և Մոսկվայի հետ։

Կան մի քանի այլ հնարավորություններ ևս, բայց այս ամենն իրացնել փորձելու համար կրկին նախ պետք է սթափվել ու լրջանալ և լուծել խնդիրները Հայաստանի ներսում։»։

--00—ԱՊ