Իշխանասարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը հրետանի է կիրառում

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News       

իշ
    

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը գիշերը ժամը 02:00-ից կիրառում է հրետանի, սակայն արկերը և ականները հասնում են մինչեւ Իշխանասար լեռան մոտակա դաշտերը։ Այս մասին 24News-ին ասաց բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։

Նրա խոսքերով՝ ադրբեջանական կողմի կրակոցները հասանելի չեն գյուղին և քաղաքացիական օբյեկտներին։ «Բայց քիչ հաճախականությամբ են կրակում, լիցքավորում են, 10 րոպե կրակում, հետո նորից լիցքավորում ու կրակում», - ասաց Պետրոսյանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ «Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ