Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմը հրետանի է կիրառում. գյուղապետ

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News        

սսս

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ կրակոցները շարունակվում են, ադրբեջանական կողմը կիրառում է նաեւ հրետանի՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց և օբյեկտները։ Այս մասին 24News-ին ասաց վարչական շրջանի ղեկավար Սևակ Խաչատրյանը։ 

Խաչատրյանն ընդգծեց, որ իրավիճակը խիստ լարված է, դժվարացավ տվյալներ փոխանցել։

Առավոտյան Սոթքի գյուղապետը լուսանկարներ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներն ու պատուհաններն են վնասվել: Վնասի չափը դեռ պարզ չէ»։

Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

«Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները»։

«Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49 է», - ասված է հաղորդագրության մեջ։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ