Սևանի ավազանում երեխաները և մեծահասակները մրցում են 3 մարզաձևում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ այսօր «Կապուտակ Սևանի» լողափին արդեն 9-րդ անգամ տեղի է ունեցել ավանդական դարձած և հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ձեռք բերած «Tri4All» (Թրայ Ֆոր Օլ) եռամարտի մրցույթը:

Այն օլիմպիական մարզաձև և ներառում է երեք բաղադրիչ՝ լող, հեծանվային սպորտ և վազք։ Մրցույթը կազմակերպել էր TriClub Yerevan եռամարտի ակումբը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս TriClub Yerevan եռամարտի ակումբը համագործակցել է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի հետ՝ մրցույթի ընթացքում իրականացնելով Սևանա Լճի պահպանությանն ուղղված իրազեկության բարձրացման արշավ:

Մրցույթին ներկա էին EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, տարբեր ֆիզիկական պատրաստվածության երիտասարդ մասնակիցների և առողջ ապրելակերպի սիրահարներ:

EU4Sevan ծրագրի հետ համագործակցության արդյունքում հանրության շրջանում ևս մեկ անգամ ընդգծվեց և կարևորվեց Սևանա լճի նշանակությունը որպես էկոհամակարգ և քաղցրահամ ջրի բացառիկ պաշար՝ բարձրացնելով լճի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լճի կարևորության մասին տեղեկացված լինելու հեռանկարները։

Մրցույթն անցավ ուրախ, ընկերական և աշխույժ մթնոլորտում: Մրցատարածությունը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացան մեդալներ, իսկ փոքրիկ մասնակիցները անակնկալ նվերներ ստացան EU4Sevan ծրագրի կողմից: Մարաթոնին մասնակցեց ավելի քան 100 սպորտի սիրահար:

«Tri4All» եռամարտի մրցույթի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և նպաստել հանրապետությունում մարզական կյանքի ակտիվացմանը: Միջոցառումը նպաստում է նաև Սևանա Լճի շուրջ սպորտային զբոսաշրջության զարգացմանը՝ ծառայելով հիանալի օրինակ:

TriClub Yerevan-ը հատուկ ուշադրություն է դարձնում Սևանի էկոհամակարգի պահպանմանը՝ այն առաջնահերթ է թե՛ Tri4All մրցույթի, թե՛ բոլոր այլ ձևաչափերի պարագայում։ Մրցույթի մասնակցությունը անվճար է: Միջոցառման ժամանակ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:

EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից:

--00--ԱՀ