ԿԳՄՍ և Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները գրքույկներ են փոխանցել մարզերի դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հրավերով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է լանդշաֆտի վերաբերյալ գրքույկի՝ ՀՀ դպրոցներին տրամադրելու միջոցառմանը: Այդ նպատակով միջոցառմանը ներկա էին հանրապետության բոլոր մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից հրավիրված ներկայացուցիչներ:

Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի կրթական բաղադրիչի շրջանակում «Բնապահպանական կրթական գործողություններ տարրական դպրոցների համար» մանկավարժական գրքույկը հայերեն տարբերակով մշակել են Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները։

Շնորհակալություն հայտնելով Քաղաքաշինության կոմիտեին ընձեռած հնարավորության և կատարած աշխատանքի համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գրքույկը բովանդակային առումով համահունչ է հանրակրության նոր չափորոշչին.

«Ձեռնարկը լավ ուսումնաօժանդակ նյութ կլինի ուսուցիչների համար՝ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում ծրագրային խնդիրները լուծելու տեսանկյունից։ Այն կարելի է օգտագործել նաև ճամբարային կրթության ժամանակ՝ աշակերտներին փոխանցելով տարբեր տեղանքների մասին գիտելիքներ և տեղանքում կողմնորոշվելու հմտություններ»։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ գրքույկն առաջինը փորձարկել են Սյունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների աշակերտները, ովքեր Հայաստանում հունիսին անցկացված Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի համաժողովի հատուկ հյուրերն էին։

«Գրքույկում ներկայացված մեթոդով աշակերտները նկարների միջոցով արտահայտել են լանդշաֆտի մասին իրենց պատկերացումները։ Այս եղանակով երեխաները սովորում են գիտակցել իրենց պատասխանատվությունը շրջապատող լանդշաֆտի, իրենց բնակավայրի նկատմամբ»,-ընդգծել է Նունե Պետրոսյանը։

Հանդիպման ընթացքում ամփոփիչ տեսանյութով ներկայացվել են նաև ՀՀ-ում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կայացած «Լանդշաֆտի կոնվենցիա. կրթական բաղադրիչ» ազգային համաժողովի արդյունքները:

Միջոցառման ավարտին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը գրքույկները հանձնել են ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներին՝ դպրոցներին փոխանցելու նպատակով:

--00--ԱՀ