«Ես մեղավոր չեմ», «Ամեն հիմարություն չեմ մեկնաբանելու». գեներալները` Փաշինյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ֆդֆ

Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը կարող էր այլ ելք ունենալ։ «Մենք պետք է գտնենք պատասխանը՝ ինչո՞ւ այլ ելք չեղավ։ Արդյոք ինչ-որ ուժե՞ր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով ու ոչ միայն շահագրգռված էին, այլև ուզում էին այդպես լինի, որ Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն ու Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա», - ասել էր նա։

Բացի այդ, նա նշել էր, որ գործող իշխանություններին մեղադրում են Շուշին հանձնելու մեջ, և որ իրավապահ մարմինները փորձում են պատերազմի արդյունքներին վերաբերող հարցերի պատասխանները գտնել։ Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ով պատերազմի ընթացքում զբաղեցնում էր Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը, 24News-ին ասաց, որ քաղաքական հայտարարություններ չի մեկնաբանում։ Բայց նաեւ նշեց, որ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը չի կարող իրեն վերաբերել։ «Դա ինձ չի վերաբերում, ես մեղավոր չեմ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», - եզրափակեց Հակոբյանը։ Բացի այդ, Փաշինյանը նաեւ նշել էր. «Ինչ պագոն ուզում է` լինի ուսին, ինչ մեդալ ուզում է լինի դոշին, ինչո՞ւ պետք է ներենք։ Չկա ներում այդ մարդկանց։ Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, գեներալ լինի, սերժանտ լինի, տո՛ վարչապետ լինի, տո՛ նախագահ լինի, տո՛ նախարար լինի, չի ներվելու», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը չցանկացավ անդրադառնալ Փաշինյանի խոսքերին։ «Ամեն հիմարություն չեմ մեկնաբանում», - ասաց Օհանյանը։

Հիշեցնենք, որ վերջերս 44-օրյա պատերազմին վերաբերող քրեական վարույթներ են նախաձեռնվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության` լիազորությունները կասեցված պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դեմ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԻԴ