Հիսուսի արձանով պատճենում են Բեյրութի, Ռիո դե Ժանեյրոյի կառույցները, ավերում` հնագիտական արժեքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ուսումնասիրությունները Հատիս լեռան վրա նախքան Հիսուս Քրիստոսի արձանի կառուցապատումն են եղել, իսկ կառուցապատումից հետո չեն եղել, մուտքը փակ է, հնարավոր չէ մտնել առանց թույլտվության։ Այս մասին 24News-ին ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Տորք Դալալյանը՝ անդրադառնալով Հատիս լեռան վրա հնագիտական աշխատանքներին վերաբերող խնդրին։

Հուլիսի 14-ին Գիտությունների ազգային ակադեմիայի ՀԱԻ Գիտխորհուրդը հայտարարություն էր տարածել Հատիս լեռան գագաթին Քրիստոսի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ։ ՀԱԻ-ն իր հայտարարության մեջ նշել էր, որ Հատիսի հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների հետևանքով անդառնալիորեն աղճատվել են հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, առկա կառույցները և համալիրի արևելյան պարսպապատի մի հատվածը։

ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանն ասաց, որ ինստիտուտի գիտխորհրդի անունից տարածված հայտարարության համար օգտագործել են հնագետների կատարած աշխատանքների տվյալները։ 

Պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասաց, որ դեմ է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը։ «Պատճենում են Բեյրութում, Ռիո դե Ժանեյրոյում կառուցված արձանները։ Դեմ եմ այդպիսի արձանի կառուցմանը, հոգու խորքում այդ արձանի կառուցման իմաստը չեմ տեսնում», - նշեց Վիրաբյանը։

ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը 24News-ին ասաց, որ ՀԱԻ-ն հատուկ հայտարարությամբ հանդես է եկել՝ միանշանակ ասելով, որ այդտեղ զգալի կառույցներ կան, դրանց մի մասն ավերվել է․ «Ինստիտուտը հաստատակամորեն ասել է, որ միանշանակ ընդունելի չէ Հիսուսի որևէ արձանի կանգնեցումը, բայց դե մեր իշխանությունները չեն լսում։ Ուզում եմ ասել, որ մտավորականներն այնպիսի վիճակում են, որ իրենց փաստարկները, կարծես թե, բանի տեղ դնող չկա։ Եթե մի բան ասում ես, բանի տեղ չեն դնում, վերևներից մի բան են ասում, բոլորը ենթարկվում են՝ «Մենք կողմ ենք գաղափարին», ի՞նչ է պետք անել»։

Պետրոսյանը հիշեցրեց, որ Հատիս լեռան վրա կան բրոնզերկաթեդարյան կիկլոպյան կառույցներ, որտեղ պատերի բարձրությունը մինչեւ 3 մետր, լայնությունը 2 մետրից ավելի է, մեծ բնակատեղի է տեղակայված հենց Հատիս լեռան գագաթի տարածքում․ «Հնագիտական հետազոտությունները կարող են երևան բերել ավելի ուշ շրջանի կառույցներ և նյութական մնացորդներ։ Այն, ինչը որ ասում եմ, հայ-իտալական արշավախումբը՝ Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ, ժամանակին հետազոտել է, հրատարակել է, այնպես չէ, որ անծանոթ են, բայց դրանք արտաքին նկարագրություններ են։ Այնտեղ հատուկ պեղումներ կան, որոնք դեռ չեն արվել»։

Պետրոսյանի խոսքերով՝ կարծես թե բանակցություններ են վարվում, որ արձանն ավելի հեռու տեղադրվի, իսկ այդ ամենը թողնեն այնպես, ինչպես քանդել են․ «Եթե չեմ սխալվում, հնագետները 2 անգամ կառավարության հանձնարարականով այցելել են, որ Հատիսի լեռան վրա ընտրեն ուրիշ հատված արձանի տեղադրման համար»։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը 24News-ին ասաց, որ այս թեման ամեն պահի նախարարության ուշադրության կենտրոնում է․ «Իսկ առայժմ  հուշարձանի կառուցման որևէ  նախագիծ ԿԳՄՍՆ-ն չի ստացել։ Այնտեղ, որտեղ պատմահնագիտական արժեքներ կան, գտնվում են Հատիսի գագաթին, իսկ գագաթին որեւէ կառուցապատման աշխատանք չի իրականացվում»։ 

«Այնտեղ, որտեղ հնագիտական ժառանգություն կա, որը դեռևս ներառված չէ հուշարձանների պետական ցուցակում, շինարարություն չի կատարվում», - եզրափակեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղարը։ 

ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը խոստացավ թեմայի շուրջ 24News-ին մեկնաբանություն տալ, սակայն հետագայում նրան ուղղված զանգերը մնացին անպատասխան։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ