Եթե ՀՀ-ն բավարարված չլինի տարածաշրջանում ԱՄՆ քայլերից, ՌԴ ազդեցությունը կմեծանա Հայաստանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News  

ս

Յուրաքանչյուր անգամ, երբ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակում, վերջինս այցելում է տարածաշրջան, հանդիպում պետական իշխանության և հասարակական սեգմենտի ներկայացուցիչների հետ և սա նորմալ պրակտիկա է։ Այս մասին 24News-ին ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահի այցելության թեմային։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը երեկ ճեպազրույցին ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։

Ըստ Պետդեպի ներկայացուցչի՝ Ռիքերն այսօր երեկոյան կմեկնի և կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Երկրներում ամերիկացի դիվանագետը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանի հիմնական խնդիրները։ Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից նոր համանախագահի նշանակման մասին։

«Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը», - նշանակման վերաբերյալ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, արձագանքելով ԱՄՆ հայտարարությանը, նշել էր, որ գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը։ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է», - ընդգծել էր նա։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի խոսքերով, թե ինչպես Բաքուն կդիրքավորվի, սա մեկ հարց է. «Մեկ այլ հարց է՝ ինչպե՞ս մենք դիրքավորվենք։ Ակնհայտ է, որ ՄԽ համանախագահության ձեւաչափը միակ ընդունելի և կենսունակ մարմինն է, որը կարող է երբևէ 2 կողմերի միջև բանակցային գործընթաց ապահովել։ Բայց Հայաստանը նույնպես այս հարցի շուրջ իր դիրքավորումը չի ներկայացրել հանրությանը, արդյոք ուզու՞մ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ՄԽ-ն գոյություն ունենա, թե՞ ոչ։ Խոսքի մակարդակով, իհարկե, որոշ հայտարարություններ արվել են, բայց իրական կյանքում, ըստ էության, հեռու ենք այն գործողություններից, որոնք կապացուցեին, որ իշխանությունը ցանկանում է ՄԽ ձեւաչափը պահպանել»։

Ըստ նրա՝ սա կարևոր մեսիջ է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին այն առումով, որ ԱՄՆ-ն կարևորում է ՄԽ-ի աշխատանքը։ «Եվ ըստ էության, ոչինչ չի կարող խանգարել Միացյալ Նահանգներին, նույնիսկ Ադրբեջանի չցանկանալը, որպեսզի Մինսկի խումբը գործի։ Ըստ Սարգսյանի՝ ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսներին․ «Իրենց համար սկզբունքային, կարևոր նշանակություն ունեցող պրոցեսներ են։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է համապարփակ և վերջնական լուծում ունենա, տևական խաղաղություն լինի, մոտավորապես այսպիսին է պաշտոնական ձևակերպումը։ Եվ այս առումով ամերիկացիները փորձում են առաջ շարժվել։ Միևնույն ժամանակ, փորձում են այնպես անել, որ հայկական կողմն ինչ-որ մեծ կորուստներ, դժգոհություններ չունենա։ ԱՄՆ-ի սկզբունքային դիրքորոշումը և քաղաքականությունն է՝ տարածաշրջանում, ինչպես նաև՝ ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կրճատել ՌԴ ազդեցությունը»։

«Եթե Հայաստանն էլ բավարարված չլինի ինչ-որ առումով, դա նշանակում է, որ որոշ ժամանակ հետո ռուսական ազդեցությունը նաև Հայաստանի գործողությունների վրա կարող է մեծանալ։ Սա Վաշինգտոնում հստակ մտածված հաշվարկ է և, բնականաբար, այդ հաշվարկներն արվում են», - եզրափակեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարը։

Սերգեյ Առաքելյան

  

--00—ԱՊ