Նիկոլ Փաշինյանի հերթական շոուի զոհը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Միքայել Արզումանյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից Երեւան գալու ճանապարհին, երեկ՝ կեսօրին բերման է ենթարկվել ու ձերբակալվել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։

Նրան հարցաքննել էին պատերազմի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Թե ինչու պատերազմից 2 տարի անց, Արցախում կարծում են, որ նա Նիկոլ Փաշինյանի հերթական շոուի զոհն է։ Բանն այն է, որ պատերազմում զոհվածների եւ անհետ կորածների ծնողները վերջին օրերին բողոքի ակցիաներ են անում՝ Փաշինյանին ձերբակալելու պահանջով:

Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ ոչ թե ինքն է գլխավոր մեղավորը, այլ՝ մյուսները, այդ թվում՝ Միշան։ Հակառակ դեպքում Արզումանյանին նախ կծանուցեին, կկանչեին հարցաքննության, ոչ թե դավադրաբար կձերբակալեին, այն էլ՝ Երեւանի ճանապարհին։ Ավելի ուշ Արայիկ Հարությունյանի խոսնակը հայտարարեց.

«Գեներալ Արզումանյանին նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաեւ 2020թ. պատերազմի ժամանակ․․․ Ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են նախագահ ուշադրության կենտրոնում»:

Մենք տեղեկացանք, որ մի քանի դրվագով են մեղադրանք առաջադրել Միշա Արզումանյանին` հատկապես Շուշին հանձնելու մասով, չնայած նա ՊԲ հրամանատարությունը ստանձնել է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին` Ջալալ Հարությունյանի վիրավորվելուց հետո, երբ այլեւս հնարավոր չէր փոխել դեպքերի ընթացքը, որովհետեւ հայկական բանակն արդեն 100 կիլոմետրից ավելի նահանջել էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ