Աննա Հակոբյանը Թալինում այցելել է Գեղարվեստի դպրոց և «Նավակ» մանկական զարգացման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

242646.jpg

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Թալին համայնքի գեղարվեստի դպրոց։ Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը:

Դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը, դիմավորելով Աննա Հակոբյանին, նրան ներկայացրել է դպրոցի պատմությունը, իրենց սաների աշխատանքները։ Տնօրենի խոսքով՝ 7-ամյա ուսման ծրագրով դպրոցում ուսանում են 95 աշակերտ, որոնք հաճախում են կարպետագործության, գորգագործության, նկարչության, քանդակագործության, մանրանկարչության և այլ խմբակներ։

Աննա Հակոբյանը շրջայց է կատարել գեղարվեստի տարբեր ճյուղերի սրահներում՝ զրուցելով երեխաների հետ։ Երեխաները նրան են ներկայացրել իրենց աշխատանքները, մասնավորապես՝ գունազարդ գորգեր, կարպետներ և սիրով վարչապետի տիկնոջը նվիրել իրենց գործած գորգերից մեկը։

Տիկին Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես է կատարվում երեխաների կողմից խմբակների ընտրությունը: Դպրոցի տնօրենը նշել է, որ երեխաները ծնողների հետ միասին ընտրում են, թե գեղարվեստի որ ճյուղում են ուզում ուսանել, այնուհետև նրանք հնարավորություն ունեն  նաև փոխելու իրենց բաժինները։

Տնօրեն Միքայելյանը ցուցադրել է նաև բակում տեղադրված խաչքարը, որի փորագրության աշխատանքներին մասնակցել է իրենց դպրոցի մոտ 100 սան։

Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, հաջողություն է մաղթել դպրոցի սաներին՝ գալիք ուսումնական տարում մեծ ձեռքբերումներ և բարձր առաջադիմություն մաղթելով։

Թալինում Աննա Հակոբյանի հաջորդ կանգառը «Նավակ» մանկական զարգացման կենտրոնն է եղել։ Վերջինիս ղեկավար Անի Ասլանյանը վարչապետի տիկնոջը հայտնել է, որ 2020թ-ից գործող կենտրոն հաճախում է 6-15 տարեկան հիմնականում անապահով ընտանիքների և հատուկ կարիքներով շուրջ 120 երեխա։

Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում ծանոթացել և զրուցել է նաև Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների հետ, ովքեր այժմ բնակվում են Թալինում և հաճախում են զարգացման կենտրոն։

Վարչապետի տիկինը նկարչության դասին ներկա արցախցի երեխաներից հետաքրքրվել է, թե ինչ մասնագետ են ուզում դառնալ և նրանց հետ միասին նկարել երեխաների նախընտրած պատկերները։

--00—ԶՀ