«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթուցիկ նյութերի արտադրամաս է եղել. նոր վարկած. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

սուրմալու-տուժածներ.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սուրմալու» առեւտրի կենտրոնի աղետից անցել է 9 օր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առեւտրի կենտրոնում պայթյունի գործով իրավապահները մի քանի կասկածներ ունեն: Վարկածներից մեկն այն է, որ միգուցե առեւտրի կենտրոնում ապօրինի արտադրամաս է եղել, որը առնչվել է ոչ միայն հրավառ նյութերի, այլ հենց պայթուցիկ նյութերի հետ: Նշենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակներում բազմաթիվ տնտեսվարողներ են հարցաքննվել որպես տուժող:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս օրերին քննվում է այն վարկածը, որ պայթած շենքի նկուղային հարկում եղել է հրավառ նյութերի պատրաստման արտադրամաս պայթուցիկ այլ նյութերի համակցմամբ, եւ իրավապահները ակտիվ քննում են այդ վարկածը: Ի դեպ, չի բացառվում, որ քրեական վարույթով անգամ հարցաքննված տնտեսվարողները նման տեղեկություն հայտնած լինեն իրավապահներին:

Տեղեկության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Փորձագետների մասնակցությամբ իրականացվում է դեպքի վայրի զննություն, քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»: Հավելենք, որ առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով կա 16 զոհ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ