Դատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն.Պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ռռե

Այսօր      «Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով 06.04.2021թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի փաստով հարուցված քրեական գործով տուժող ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Մուրադյանի բողոքի (միջնորդության) լուսապատճենին, դատախազությանը մեղադրել է նրանում, որ թեև այդ միջնորդությամբ մատնանշված է եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում առկա՝ անվտանգության մի շարք կոպիտ խախտումների մասին և հորդոր է եղել միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը, սակայն Երևան քաղաքի դատախազը չի պատասխանել միջնորդությանը, իսկ գլխավոր դատախազությունը «մատնված է եղել անգործության»: Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազությունը։

Հոդվածում հնչած մեղադրանքները սակայն բացարձակ անհիմն են: Դրանում նշված հանգամանքները ոչ միայն էականորեն խեղաթյուրված են ներկայացրել իրողությունները, այլ նաև հիմնված են Դատախազության իրավասությունների մասին մակերեսային մակարդակի դատողությունների վրա:  

Նախ՝ քրեական գործի շրջանակում  դեռևս 07.04.2021թ. քննիչի կողմից  նշանակվել է դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

2021թ. հուլիսի 14-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է փաստաբան Տ. Մուրադյանի 09.07.2021թ. բողոքը՝ հրապարակմանը կցված փաստաթղթի լուսապատճենից արդեն հայտնի՝ բաձրացված հարցերի ներառմամբ:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 19.07.2021թ. փաստաբանի միջնորդությունը օրենքով սահմանված կարգով ուղարկել է վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը և այդ մասին 19.07.2021թ. գրությամբ հայտնվել փաստաբանին:  Քննիչը՝ քննարկելով միջնորդությունը՝ 28.07.2021թ. որոշել է, դրանից ելնելով, փորձագետներին լրացուցիչ հարցադրումներ կատարելու և լրացուցիչ նյութեր տրամադրելու վերաբերյալ միջնորդության համապատասխան կետը բավարարել, այսինքն միջնորդության մեջ նշվող հարցադրումները ուղարկվել են փորձագիտական կենտրոն: 

Այդ մասին քննիչը համապատասխան գրությամբ հայտնել է փաստաբանին՝ նշելով, որ միջնորդությամբ նշված հանգամանքները քննության առարկա է դարձվել կատարվող նախաքննության շրջանակներում: Պարզաբանվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ գույքի վրա կալանք դնելու հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելուց հետո, և այդ մասով  միջնորդության քննարկումը հետաձգել է:

Հարկ է հիշեցնել նաև, որ տվյալ ժամանակահատվածում գործող քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն՝ կալանք կարող էր դրվել միայն կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի նկատմամբ, ում վրա կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար կարող է դրվել նյութական պատասխանատվություն: Մինչդեռ որպես մեղարդյալ ներգրավված անձ այդ ընթացքում չի եղել: Հետևաբար, հոդվածում նշված պնդումը, որ որևէ պատասխան չի տրվել միջնորդությանը, իրականության հետ աղերս չունի:

Ինչպես հրապարակված հոդվածում, այնպես էլ դրա շուրջ մեկնաբանություններում ակնհայտորեն խեղաթյուրվել են նաև որևէ սուբյեկտի, տվյալ դեպքում տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու առնչությամբ դատախազության լիազորությունները: 

Ինչպես «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատախազը չունի որևէ իրավասություն անմիջականորեն դադարեցնելու տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը:

--00—ԻԴ

Տեսանյութեր