Ավինյանի այցը «Սուրմալու» քարոզարշավ չեմ համարում․ Անի Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

հասարակական

Radar Armenia-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, անդրադառնալով երեկ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ «Սուրմալուի» փլուզման գոտի կատարած այցի վերաբերյալ սոցցանցերում հնչած մեկնաբանություններին, նշեց, որ այցը քարոզարշավ չի համարում։ Ըստ նրա՝ այդ նույն տրամաբանությամբ իր՝ «Սուրմալու» առևտրի կենտրոն այցը նույնպես պետք է քարոզարշավ համարել։ 

«Մեկ օր առաջ ես ինքս էլ եմ այնտեղ եղել ու իմ ներկա գտնվելն էլ կարող էր քարոզարշավ դիտարկվել, որովհետև ես քաղաքական այլ ուժ եմ ներկայացնում, որը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա քաղաքապետի ընտրություննեին։ Մի անգամ էլ եմ կրկնում, որ ես այդ այցը չեմ համարում քարոզարշավ», - շեշտում է Անի Խաչատրյանը։ 

Երևանի ավագանու անդամը նշում է, որ այս օրերին դեպքի վայրում եղել են շատ ՀՀ քաղաքացիներ և նման որակումները անընդունելի են։

Անդրադառնալով՝ այն խնդրին, երբ հնչում է հարց, որի մեջ արդեն կա այդ հարցի պատասխանը՝ Անի Խաչատրյանն ասաց՝ լրագրողները միշտ սիրում են ստանալ հարցի պատասխանն այն կերպ, որը իրենք են ակնկալում. «Կարծում եմ՝ Ավինյանը լրագրողների հարցերի ճնշման տակ է փորձել գտնել՝ ինչ դնի անունը, թե ինչու է ինքն այցելել դեպքի վայր»։ Ըստ Խաչատրյանի՝ պայթյունի վայրում գտնվելը գովազդի տարբերակ չէ, քանի որ բազմաթիվ մարդիկ են եղել տարածքում, հետևաբար ոչ ոք էլ արդարանալու խնդիր չունի, թե ինչու է այցելել։

Տեսանյութեր