Անիմաստ աղմուկ՝ ողբերգության ֆոնին․ ֆեյսբուքյան կերակուր եփելու նուրբ արվեստը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Սուրմալուի» ողբերգության դեպքի վայր և նշել, որ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը առիթ է մտածելու պայթուցիկ նյութերի պահպանման կանոններն ու հրավառությունների կազմակերպման մշակույթը վերանայելու համար։
 
«Շատ ցավալի ու սթափեցնող է տեղի ունեցածը, և ես վստահ եմ, որ սա առիթ է տալու մտածելու նմանատիպ նյութերի պահպանման վերաբերյալ, սա առիթ է տալու մտածելու մեր մշակույթում` մեր ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառության օգտագործման վերաբերյալ»,- ասել է Ավինյանը։
 
Նա նաև հիշեցրել է, 2021թ․ կառավարությունն օրենսդրական առաջարկ էր ներկայացրել, որով գրեթե սահմանափակվում էր հրավառության միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ։ Նախագծով առաջարկվում էր հրավառությունների կազմակերպումը պատվիրակել բացառապես համայնքային ու պետական իշխանություններին։
 
 Նախկին փոխվարչապետը նշել է, որ խնդիրը միայն հրավառության համար թույլատրելի ժամ սահմանելով չի լուծվում։ Ըստ նրա` երբ հրավառ արտադրանքը գտնվում է ազատ վաճառքում, վերահսկողության վարչարարությունը շատ ավելի դժվար է իրականացնել։ «Մենք ինքներս պետք է գիտակցենք, որ մեր մասնավոր միջոցառումներին պարտադիր չէ, որ 10 կմ շառավղով շրջապատի բնակիչները մասնակցեն. այնտեղ կան ծերեր, մանկահասակ երեխաներ, և այդ պայթյունները, որոնք թեկուզ տեղի են ունենում մինչև ժամը 11-ը, միևնույն է խախտում են մարդկանց անդորրը։ Մյուս կողմից մենք նաև տեսանք, թե ինչ վտանգ է պարունակում այս հրավառ նյութերի պահպանումը։ Սա մեր աչքի առաջ է, և ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք ավելի կոշտ լինենք»,- ասել է Ավինյանը։
 
Pressmedia.am-ը գրում է․ «Կարծես թե նախկին փոխվարչապետի հարցուպատասխանը լրատվամիջոցների հետ բավականին կառուցողական է եղել և ընդգրկել է հարցերի լայն շրջանակ։ Ընդ որում, առ այսօր Ավինյանը եղել է իշխող ուժի միակ ներկայացուցիչը, ով բավականին սպառիչ պատասխաններ է տվել է խոսել լուծումների, նախորդած օրենսդրական նախաձեռնությունների և խնդրի լուծման տարբերակների մասին։
 
Սակայն տեսարաններ սիրող սոցիալական հարթակների ու լրատվականների համար օրը ստացված չէր լինի, եթե լրագրողի հասցեական հարցին՝ դուք «Սուրմալուի» տարածք եք եկել որպես ՔՊ վարչության անդամ ու Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու, դրական պատասխան չտար։
 
Հասկանում եք, չէ", որ հնչած բազմաթիվ հարցերն ու բավականին կոնստրուկտիվ պատասխանները առ ոչինչ են, եթե լրագրողը կարողացել է մարդուն ստիպել ուղիղ հարցի միջոցով հնչեցնել մի արտահայտություն, որից դավադրության տեսությունների առաջամարտիկները կարող էին հերթական ֆեյսբուքյան կերակուրը եփել։ Եվ վերջապես, երբ պետք է սովորենք առաջնայինը տարբերել երկրորդականից, և հերթական առիթը ման չգալ որևէ գործչի ոսկորները աղալու համար։ Գուցե կարելի էր այս ողբերգական իրողությունների ֆոնին հարցերը ուղղել առանց ենթատեքստերի և տասնյակ զոհերի ֆոնին անիմաստ համացանցային աղմուկի առիթներ չստեղծել։
 
Ի վերջո, Ավինյանը այդ ողբերգության ոչ մեղավորն է, ոչ պատասխանատուն։ Հազարավոր գործիչների ու քաղաքացիների նման գնացել է դեպքի վայր, պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ Պետք էր լուսաբանել և անցնել առաջ։ Եթե, իհարկե, նպատակը լուսաբանելն էր»։

Վահրամ Մարգարյան

--00--ԱՀ

Տեսանյութեր