«Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ հարցաքննվել է 50-ից ավելի քաղաքացի, սեփականատերը՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

հասարակական

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վարույթով հարցաքննվել են 50-ից ավելի քաղաքացի, իսկ կենտրոնի սեփականատերը՝ ոչ։ Այս մասին 24News-ին ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ 

Օգոստոսի 14-ին առեւտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել էր։ 

Այս դեպքի առթիվ նախաձեռնած վարույթով կասկածյալներ, մեղադրյալ չկան։ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանն ասաց, որ քննչական, դատավարական գործողություններ են ընթանում, դեպքի վայրում զննություն է իրականցվում փորձագետների հետ միասին։

«Զննություններն իրականացվում են ամեն օր, գուցե դեռ 2 օր էլ շարունակվեն», - եզրափակեց Թադեւոսյանը։

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու և անձը չպարզված մեկ քաղաքացու դի։ 

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ Գագիկ Կարապետյան, Վանիկ Ամիրխանյան։

--00--ՏՏ

Տեսանյութեր