Պետք է ոչ թե ռումբի մասին ահազանգների հետևից գնալ, այլ ուժեղացնել անվտանգային համակարգը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

հասարակական

Տեխնիկայի ժամանակակից զարգացվածության պատճառով հնարավոր չէ պարզել, թե էլեկտրոնային փոստով կեղծ ահազանգ կատարողը ով է, նույնիսկ լավ կրթված դպրոցականը կարող է իր էլեկտրոնային հասցեն այնպես քողարկել, որ ոչ մի երկրի ծառայություն չկարողանա պարզել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում պայթուցիկ նյութերի տեղադրման մասին հնչող կեղծ ահազանգերին:
Նրա կարծիքով,  խնդիրը պետք է այլ կերպ լուծել, մարդաշատ վայրերում ուժեղացնելով անվտանգության հսկողությունը.

«Հասկանալի է, որ օրենքն է պահանջում, որ ահազանգի հետևից գնալ, բայց այլ մեխանիզմներ պետք է մտածեն, փաստացի՝ ԱԻՆ-ի աշխատակիցների մի մասը աշխատանքից կտրվում է, ամբողջ պետական ռեսուրսը կենտրոնանում է այդ ահազանգի վրա: Կարևորագույն կառույցները դադարում են աշխատել, բացի այդ՝ ստուգումները չեն կարող իրական լինել,  ամբողջ օդանավակայանը ստուգելու համար բավական ժամանակ է պետք: Պետք է անվտանգային համակարգը ուժեղացնել, ոչ թե ահազանգի հետևից գնալ: Հիմնականում նման տեղեկությունները դժվար թե ճիշտ լինեն, ահաբեկիչները նման կերպ չեն գործում»:  

Մարտիրոսյանի կարծիքով,  զանգերի նպատակը երկրում վախի մթնոլորտ ձևավորվելն ու պետական կառուցների նկատմամբ վստահությունը գցելն է:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, որ էլեկտրոնային փոստով կեղծ տեղեկատվություն է ուղարկվում Մետրոպոլիտենում պայթուցիկ ռումբի տեղակայման մասին, որի պատճառով մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվում է և քաղաքացիներին տարհանում են: Օգոստոսի 14-ին ևս մետրոպոլիտենում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, առևտրի կենտրոններում ռումբի տեղադրման մասնին կեղծ ահազանգ էր հնչել: Նշենք, որ ժամեր առաջ ԱԻՆ քարտուղարությանը էլեկտրոնային նամակով հաղորդագրություն է ուղարկվել, որ Երևանի մետրոլիտենի կայարանում և Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված, որի պատճառով մետրոյի  բոլոր կայարաններում դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ