Երևանի Մյասնիկյան պողոտայում հնչել են կրակոցներ․ ձերբակալվել է 2 անձ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

d2fe5be3b52903bc1b779f965e8c2e0a.jpg

Այսօր՝ օգոստոսի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 5/3 հասցեի դիմաց՝ «Սուվենիր» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ժամեր անց մայրաքաղաքի Պռոշյան փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Արթուր Հ-ին և 28-ամյա Խաչիկ Ա-ին։

Վերջիններս եղել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով։ 

Պարզվել է, որ Խաչիկ Ա-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված հասցեի դիմաց ատրճանակից կրակոցներ է արձակել։  

Վերջիններս ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ ավագ քննիչ Վարդանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով 1 պարկուճ դիպել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, որը չի վնասվել։

--00--ԶՀ