Օգոստոսի 8-ից 14-ը ՀՀ տարածքում հայտնաբերվել և այրվել է մոտ 15830 կգ կանեփ և 11 կգ կակաչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակը հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումն է:

Օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է մոտ 15830 կգ կանեփի և 11 կգ կակաչի վայրաճ զանգված:

Տնամերձ 43 հողամասից հայտնաբերվել է կանեփի 5055 բույս:

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել են 1746 գրամ մարիխուանա, 2,67 գրամ մեթամֆետամին, 3,92 գրամ ալֆա PVP, 2361 գրամ կանեփ, 1,23 գրամ կոկաին և 0,8 մլ մեթադոն տեսակի թմրամիջոցներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 167 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, պահեստատուփ, 4 ատրճանակ, ինքնաձիգ և 2 հրացան: Հայտնաբերվել է 11 հետախուզվող:

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր