Ջուրը կարող է նորից թանկանալ․ «Վեոլիա ջուրը» մտադիր է սակագինը վերանայելու հայտով դիմել ՀԾԿՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

վեոլիա

«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է ջրի սակագնի վերանայման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

Նախապատրաստվող հայտի մասին հայտարարությունն ընկերությունն արդեն հրապարակել է տպագիր մամուլում։

Հայտարարության համաձայն` ընկերությունն առաջիկա օրերին հանդես կգա պաշտոնական առաջարկով` ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ յուրաքանչյուր 1 խմ–ի համար։

Հայտը հիմնավորվել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 8.3% սղաճով։

Սղաճի հետևանքով փոփոխված գնային հաշվարկի համաձայն, ըստ ջրամատակարար ընկերության, խմելու ջրի մատակարարման սակագինը քաղաքացիների համար յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց կկազմի 177,6 դրամ, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) սակագինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց` 31,3 դրամ։ Արդյունքում գումարային սակագինը կկազմի 1 խմ–ը` 209 դրամ։

Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց կկազմի 41,8 դրամ, ջրահեռացման սակագինը 1 խմ–ի դիմաց՝ 20,9 դրամ, գումարայինը` 62,7 դրամ։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը վերահաշվարկված արժեքով կկազմի 1 խմ–ի դիմաց՝ 12,2 դրամ:

«Վեոլիա ջուր» ընկերության առաջարկած նոր սակագները պետք է ուսումնասիրի ՀԾԿՀ–ն և վերջին խոսքն ասի։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինն արդեն իսկ թանկացել է 20,47 դրամով։ 

--00—ԼՄ