18-հարկանի շենքի մալուխների հորանում բռնկված հրդեհից տուժել է 7 մարդ, 1-ը՝ երեխա․ տարհանվել է 85 անձ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

35859.jpg

Մայրաքաղաքի 18-հարկանի շենքի մալուխների հորանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժել է յոթ մարդ։ Նրանց թվում կա մեկ երեխա,- SputnikArmenia-ին ասել է Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Հինգ տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, մայրն ու երեխան՝ «Մուրացան» հիվանդանոց։ Նրանց վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

Նշենք, որ ԱԻՆ-ից էլ հայտնում են՝ օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայրիկ Մուրադյան փողոցի թիվ 42/2 տասնութ հարկանի շենքի 8-րդ հարկի մակարդակում՝ մալուխների հորանում, և տարածվել 0-ից 17-րդ հարկ։

Իրականացվել են բնակիչների տարհանման աշխատանքներ․ մոտ 85 քաղաքացի տարհանվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։

Այրվել են մալուխներ, էլեկտրական հաշվիչներ, 8-րդ հարկում՝ 3 բնակարանի մուտքի դուռ (երկուսը՝ ամբողջությամբ, 1-ը՝ մասնակի), շքամուքը՝ ամբողջությամբ, որպես խորդանոց օգտագործվող 4 դարակաշար և 1-ին հակում գտնվող գրախանութ-տպարանում՝ մոտ 2 խմ գիրք և թղթեր:

--00--ԶՀ