Բերձորը Ռուսաստանի գլխավոր հենակետերից մեկն էր. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News
 

1dde4aec-693c-40af-9c7b-7cc199857fb7.jpg

Ռուսաստանի Դաշնությունը, ընդհանուր առմամբ, ունի շատ լուրջ խնդիր. Արևմուտքը փորձում է Ռուսաստանը մեկուսացնել, իսկ վերջինս փորձում է հնարավորինս ամեն ինչ անել, որ մեկուսացման մեջ չհայտնվի։ Այս մասին 24News-ին ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնոլով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաճախակի հանդիպումներին, հեռախոսազրույցներին։

Օգոստոսի 5-ին ՌԴ նախագահը Սոչիում ընդունել էր Էրդողանին։ Երկկողմ հանդիպման ընթացում, ի թիվս այլնի, երկրների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքերով՝ մեկուսացումից խուսափելու առումով ՌԴ-ի համար Թուրքիան դարձել է «բավականին հաջող գործընկեր, Թուրքիայի հետ կոնտակտները դարձել են շատ կարեւոր»։

«Մյուս կողմից, եթե Թուրքիան սկզբում աջակցում էր Ուկրաինային և Արեւմուտքին, ապա հիմա ավելի շուտ գնում է Ռուսաստանի ուղղությամբ։ Կամ եթե չի գնում Ռուսաստանի ուղղությամբ, ապա սկսել է Ռուսաստանին ավելի շատ հաշվի առնել։ ՌԴ-ի հետ Թուրքիայի մերձեցումը պայմանավորված է նրանով, որ գործընթացները զարգանում են ավելի շատ ռուսական կողմի օգտին, նկատի ունեմ ուկրաինական խնդիրը։ Բացի դրանից, Թուրքիան էլ ունի իր օրակարգը, հատկապես Սիրիայում։ Արդեն մի քանի ամիս ուզում է հարձակում սկսել Սիրիայի և Իրաքի դեմ։ Եվ շատ խոչընդոտներ կան, առաջին հերթին՝ տարբեր երկրների, իսկ երկրորդ հերթին՝ Իրանի դիրքորոշումը։ Եվ այս համատեքստում Ռուսաստանի դիրքորոշումը Թուրքիայի համար շատ կարեւոր է։ Հիմնականում հարցերի առարկան սա է», - հավելեց քաղաքագետը։

Հարցին՝ Ռուսաստանի դիրքերն ավելի՞ կթուլանան Արցախում, երբ որ Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսն անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, Հրանտ Միքայելյանը պատասխանեց. «Իհարկե, այո, որովհետեւ մի բան է, երբ որ Արցախի մնացյալ մասի և Հայաստանի միջեւ ամուր կապ կա, մեկ բան, երբ կապը դառնում է ավելի ու ավելի վիրտուալ»։

«Բերձորը Ռուսաստանի գլխավոր հենակետերից մեկն էր։ Ցավոք սրտի, Ռուսաստանի համար այս հարցերն այնքան էլ կարեւոր չեն։ Իսկ մեզ համար, որ պետք է լինեին կարեւոր, չենք կարեւորում։ Եվ առանձնապես բան էլ չենք արել Բերձորն Ադրբեջանին չհանձնելու համար։ Ավելին՝ իշխանությունն այնպես է արել, որ Բերձորը հանձնի Ադրբեջանին։ Եվ Ռուսաստանն այստեղ չի ընդդիմացել։ Բայց դե ակնկալել, որ Ռուսաստանը Հայաստանի փոխարեն պետք է որեւէ բան անի, ինձ թվում է, սխալ է», - եզրափակեց Միքայելյանը։

Սերգեյ Առաքելյան

--00--ԶՀ