Հայտնի չէ՝ Աղվանոյի բնակիչները որտեղ կարող են բնակություն հաստատել. գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

f55fe393-90e9-43d3-8290-d1748d93948f.jpg

Աղավնո գյուղի յուրաքանչյուր բնակիչ գրությամբ տեղեկացնելու է՝ գյուղը լքելուց հետո որտեղ է բնակվելու, թուղթը փոխանցելու ենք կառավարությանը, և ըստ տարհանման պլանի՝ իրականացվի տեղափոխումը։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

Ադրբեջանական կողմի պահանջով մինչեւ օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղերի բնակիչները պետք է հեռանան իրենց բնակության վայրերից, որ տարածքները հանձնվեն Ադրբեջանին։

Աղվանոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ կոնկրետ որտեղ կարող են բնակություն հաստատել գյուղացիները։

«Քիչ են, մի քանի ընտանիք են տեղափոխվողները։ Մնացածը, քանի երաշխիք չեն տեսնում իշխանությունների կողմից, գնում են ավելի ապահով տեղ, իբրև թե Հայաստանն է ավելի ապահով տեղ։ Քանի Հայաստանի զորքը լուծարված է, ասում են, որ «մեզ չեն պաշտպանի այստեղ»։ Ի՞նչ անենք, հիմա էլ մեղադրե՞նք ժողովրդին, որ «չեք պայքարում»։ Հնարավորություններ պետք է ստեղծվեին, որ ժողովուրդը պայքարեր։ Ժողովուրդը միշտ էլ ազնիվ ու պատասխանատու է եղել կռվելու, պայքարելու առումով։ Մերոնք շինարարության էին սպասում, իշխանությունները ոչ մի բան չարեցին», - նշեց Չավուշյանը։

Հարցին՝ հետագայում բնակիչներին աշխատանքով ապահովելու ի՞նչ հնարավորություններ կան, Աղավնոյի գյուղապետը պատասխանեց. «Խանումյանի ասելով՝ պետական աշխատողները, այլ աշխատողները մինչեւ Նոր տարի կստանան իրենց աշխատավարձերը»։ Դրանից հետո բան կփոխվի՞, չեմ կարող ասել», - եզրափակեց նա։

Սերգեյ Առաքելյան

--00--ԶՀ