Բերձորի բնակչի դիրքորոշումից է կախված՝ որտեղ բնակվել քաղաքը լքելուց հետո. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

06c92b92-45a3-4762-94b6-bea80e718ef1.jpg

Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի բնակչի դիրքորոշումից է կախված՝ որտեղ բնակվել քաղաքը լքելուց հետո։ Այս մասին 24News-ին ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

Ադրբեջանական կողմի պահանջով մինչեւ օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղերի բնակիչները պետք է հեռանան իրենց բնակության վայրերից, որ տարածքները հանձնվեն Ադրբեջանին։ Ադրբեջանի պահանջը պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող, Լաչինի միջանցքի այլընտրանքային նոր ճանապարհի կառուցմամբ, որի շինարարության իր մասն ադրբեջանական կողմը գրեթե ավարտել է։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հայկական կողմն իր մասով ճանապարհը կավարտի մինչեւ գարուն։ Ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով պետք է մտնի Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

Ըստ Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի՝ այս պահին դեռ նախնական պատկեր էլ չկա, թե բերձորցիներից ով որտեղ է ցանկանում գնալ. «Բնակչությունն ուզում է հասկանալ՝ ուր կարող է գնալ։ Չեմ կարող ասել՝ Ստեփանակերտ քաղաքում հնարավո՞ր է, հնարավոր չէ՞ բնակություն հաստատել։ Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, բոլոր շրջաններում էլ ունենք թե՛ նոր կառուցված, թե՛ վաղուց կառուցված բնակարաններ, որոնք կարող են տրամադրվել բնակչությանը։ Այստեղից դուրս եկող բնակչությանն Արցախում տեղավորելու խնդիր չունենք»։

Ինչ վերաբերում է աշխատանքով ապահովելուն, Ալեքսանյան ասաց, որ դա պարզ կլինի կոնկրետ բնակավայրի հնարավորություններից։ «Արցախում բնակչությունը կարող է գյուղատնտեսությամբ էլ զբաղվել, անասնապահությամբ, մեղվապահությամբ, շինարարությամբ էլ զբաղվել», - եզրափակեց Բերձորի քաղաքապետը։

Սերգեյ Առաքելյան

--00--ԶՀ