Պարզվել է՝ Nissan Murano-ով վթարի ենթարկված վարորդը եղել է 13 տարեկան, իսկ 3 վիրավոր ուղևորները՝ 14

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

1

ՔԿ-ն Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 4-ին Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդի ինքնությունը։  Պարզվել է՝ Nissan Murano-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 13-ամյա Բաբկեն Զ-ն, նա ավտոմեքենայով Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով Բաբկեն Զ.-ն, ուղևորներ, Արարատի մարզի բնակիչ, 14-ամյա Գառնիկ Ս.-ն, Երևանի բնակիչներ, 14-ամյա Տիգրան Ա.-ն և 14-ամյա Հենզել Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, գրում է shamshyan.com-ը:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ օգոստոսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմանում Nissan Murano մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի օղակաձև խաչմերուկից դեպի 3-րդ կմ հատվածում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։  

Վթարի հետևանքով 4 անչափահասներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել դասակի հրամանատար Կ․ Հարությունյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գևորգ Համբարձումյանը։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդի և վիրավորների ինքնությունը։