Առաջարկում եմ ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ․ Ռ․Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍ, 24News

քաղաքական

Գործարար, բարերար և հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Արցախում նորից արյուն է թափվում, նորից երիտասարդ կյանքեր ենք կորցնում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ իբր թե խախտումների պատրվակի ներքո բռնության նոր ալիք է սանձազերծվում: Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր՝ նոր ապակայունացման սպառնալիքն այսօր ավելի մեծ է, քան երբևէ: Ու եթե անգամ ռազմական դիմակայության այս հերթական բռնկումը հաջողվի արագ մարել, նոր էսկալացիաների սպառնալիքն ամենևին չի վերանալու: Այն, որպես «դամոկլյան սուր», մշտապես կախված է Հայաստանի ու Արցախի վրա: Մենք պետք է խոստովանենք, որ հայ ղեկավարներին առայժմ կատեգորիկ կերպով չի բավականացնում կամքն ու պրոֆեսիոնալիզմը՝ Արցախի անվտանգության հարցը համակարգային ձևով լուծելու։

Բայց աշխարհաքաղաքականության հետևում մշտապես պետք է տեսնել սովորական մարդկանց՝ Արցախի ժողովրդի շահերը: Ինձ համար բացարձակապես կարևոր չէ, թե այս անգամ ում քաղաքական սուտն է հաղթելու: Կարծում եմ՝ հիմա գլխավորն այն է, որ Արցախի երեխաները կարողանան մեծանալ առողջ, երջանիկ ու մրցունակ: Որպեսզի կարողանան պարզապես ապրել՝ ապրել անվտանգության լիարժեք զգացողությամբ, հանգիստ գնալ դպրոց ու հավատալ ապագային: Հիմա նրանց համար հեշտ չէ. պատերազմի «մշտական զգացողությունը» խաթարում է նրանց կյանքը, կոտրում ու խեղում է նրանց ճակատագրերը: Հարևան երկրի ագրեսիվ գործողությունները անհավանական ճնշում են գործադրում Արցախի բնակչության վրա, հետևաբար, նրանք մեր աջակցության կարիքն ունեն: Եվ ես կարծում եմ, որ նրանք իրավունք ունեն այդ աջակցության հույսն ունենալ:

Արցախի երեխաների անվտանգությունը՝ սա՛ է բացարձակ գերակայությունը ինձ ու իմ համախոհների համար: Կարծում եմ, չափազանց կարևոր է բոլոր ջանքերը գործադրել հենց հիմա կանգնեցնելու ռազմական էսկալացիան և հետագայի համար առնվազն արգելափակելու դրա հնարավորությունը:

Որպես առաջին քայլ՝ առաջարկում եմ ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ: Դրա կազմակերպման իրավական ձևերն ու միջոցները կարելի է քննարկել, բայց նման նախաձեռնությունն ինքնին պետք է համախմբի քաղաքացիական հասարակության, Հայաստանի ու Արցախի իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի և բոլոր հայրենասերների, բոլոր նրանց ներուժը, որոնք հասկանում են արցախյան հողում հայկականության պահպանման սկզբունքային կարևորությունը:

Անվտանգության առանցքային տարրը հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գտնվելու ժամկետի երկարաձգման և կոնտինգենտի բազմակի մեծացման հարցի լուծումն է՝ Արցախի անվտանգությունն անվերապահորեն ապահովելու հստակ մանդատով։ Այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել անվտանգությունը:

Այս քայլը թույլ կտա տարածաշրջանում խաղաղություն պահպանել, հումանիտար համագործակցություն հաստատել և երկարաժամկետ հավասարակշռված լուծում գտնել: Դրան հիմա պետք է ուղղված լինեն մեր դիվանագիտական ջանքերը: Խաղաղապահների ներկայությունը Արցախում ապրող բնակչության համար ֆիզիկական բացարձակ անվտանգության զգացողություն պետք է ապահովի:

Ցանկանում եմ դիմել ողջ աշխարհի հայությանն ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մարդկային կյանքերի ու մարդկության պատմական ժառանգության ոչնչացման նկատմամբ. մենք պետք է բոլոր միջոցներով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա: Աշխարհը, որը բարոյախոսում է մարդկային կյանքի արժեքի ու ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի մասին, պետք է ամենակոշտ գնահատականը տա Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողություններին:

Սակայն, ինչքան էլ որ մեզ համար այսօր կարևոր լինի Ռուսաստանի ու միջազգային հանրության աջակցությունը, մենք չենք կարող, մենք իրավունք չունենք հույս դնել բացառապես արտաքին գործոնի վրա: Մենք՝ հայերս, մեր պատմության ընթացքում չափազանց շատ ենք թույլ տվել, որպեսզի ուրիշները որոշում կայացնեն մեր ճակատագրի վերաբերյալ: Բայց մեր խնդիրները մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու:

Ժամանակն է վերջ տալ արցախյան թեմայի շահարկմանը`որպես իշխանության և ընդդիմության պայքարի խաղաքարտի, ժամանակն է մոռանալ անձնական քաղաքական հավակնությունների մասին: Այս հարցը չպետք է բաժանի հայությանը, չպետք է դառնա ինտրիգների ու հաշիվներ մաքրելու առիթ: Այն պե՛տք է և կարո՛ղ է միավորել մեր ժողովրդին:

Մենք պետք է համատեղ որոշենք ինչպիսի պետություն, ինչպիսի բանակ, ինչպիսի դիվանագիտություն և անվտանգության այլ միջոցներ են պետք Հայաստանին ու Արցախին: Որոշենք ու անհապաղ անցնենք գործի: Քանի որ Արցախի երեխաները պետք է լիարժեք կյանքի իրավունք ունենան»: