Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Արշակ Հակոբյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

1089747.jpg

Դատախազությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին գրավով ազատ արձակելու դատարանի որոշման դեմ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«2022 թվականի հուլիսի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ա. Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար: Դատարանի՝ 2022թ.-ի հուլիսի 29-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն՝ Ա. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով (մինչև 2022թ.-ի օգոստոսի 29-ը):

Միաժամանակ , դատարանը բավարար է ճանաչել այլընտրանքային խափանման միջոցի հնարավորությունը  և Ա. Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց  կիրառել է գրավը՝ գրավի չափը սահմանելով 562 միլիոն ՀՀ դրամը: Քրեական վարույթում առկա տեղեկությունների համաձայն ՝ գրավի հիշյալ գումարը վճարվել է և Հակոբյանը կալանքից ազատվել է»,- ասացին դատախազությունից:

Դատախազության հանրային կապերի բաժնից միաժամանակ տեղեկացրին, որ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության կապակցությամբ անցկացված դատալսումներին (խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության քննարկմանը) դատավարական ղեկավարում իրականացնող դատախազական խմբի դատախազները չեն մասնակցել , հետևաբար նաև դիրքորոշում չէին կարող հայտնել:

«Իսկ մինչ այդ ՝ քրեական վարույթի ընթացքում , հսկողություն իրականացնող դատախազական խմբի դատախազների գնահատմամբ նախաքննության տվյալ փուլում բացի կալանքից , այլ խափանման միջոցն ի զորու չի եղել ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը , ինչով պայմանավորված՝ Ա. Հակոբյանի պաշտպանների կողմից ներկայացված՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը այլ՝ ավելի մեղմ խափանման միջոցով փոխելու վերաբերյալ չի բավարարվել: Ինչ վերաբերում է դատական ակտի բողոքարկմանը վերաբերող հարցադրմանը, ապա հայտնում ենք , որ դատարանի ՝ 2022թ.-ի հուլիսի 29-ի որոշումը 2022թ. օգոստոսի 1-ին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, այն ուսումնասիրվել է և ներկայումս նախապատրաստվում է վերաքննիչ բողոքի նախագիծ՝ դատական ակտն անհիմն լինելու պատճառով»,- հավելեցին դատախազությունից:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման հատկանիշներով։

--00--ԶՀ