Հայաստանից Արցախ երթևեկելու համար ամենահարմարը հենց Լաչինի ճանապարհն է․ Քոչինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

հասարակական

Լաչինի ճանապարհն ամենահարմարն է Հայաստանի և Արցախի միջև երթուղու համար, Հայաստանի հետ բանակցությունների արդյունքում պետք է որոշվեին նոր երթուղու հետ կապված հարցերը՝ ինչպե՞ս, ե՞րբ, որտեղո՞վ և այլն։ Այս մասին 24News-ին ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-98 թթ․), պրոֆեսոր Հենրիկ Քոչինյանը։
 
Հայաստանն Արցախին կապող նոր՝ Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի շինարարության մեկնարկը նախատեսված է այս ամիս։ Այն Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով պետք է մտնի Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով: Ադրբեջանական կողմն իր մասով գրեթե ավարտին է հասցրել։
 
Դիտարկմանը, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ նոր երթուղու տարբերակներից լավագույնն է ընտրվել, Քոչինյանը պատասխանեց. «Ճանապարհը Կոռնիձորով գնում է, ավելի հարավով է անցնում։ Չգիտեմ, Արայիկ Հարությունյանը ինչի՞ց ելնելով է ասում` ամենահարմարն է։ Արայիկ Հարությունյանը մի օր էսպես է ասում, մի օր ուրիշ ձեւ։ Ես նրա ասածները լուրջ չեմ ընդունում։ Բոլոր դեպքերում երթուղու հարցը պետք է փոխադարձ համաձայնությամբ որոշվեր»։ 
 
«Երբ որ Ադրբեջանը սկսեց նոր ճանապարհի կառուցումը, որոշակի կարծիք պետք է հայտնած լիներ՝ «համաձայն եմ, համաձայն չեմ», «ի՞նչ քայլեր պետք է անեմ», «որտեղի՞ց պետք է սկսեմ»։ Ուշացել ենք, այդ հարցերում շատ ենք ուշացել։ Կամ կարող է նախապես արդեն որոշված է եղել, չենք ուշացել, այդպես պետք է լիներ», - ընգծեց նա։ 
 
Ըստ Քոչինյանի՝ անցուդարձի տեսանկյունից ցանկացած ճանապարհ կարող է վտանգավոր լինել, նայած թե ադրբեջանցիներն ինչ են ուզում։ «Եթե ճանապարհը 5 կմ լայնություն ունի, միշտ էլ ցանկացած կետում կարելի է հատել, խախտել։ «Տեխնիկական, երթևեկության, անվտանգության առումով Լաչինի ճանապարհը բավարար անվտանգ է։ Ժամանակին, երբ որ 1995-97 թվականներին Լաչինի ճանապարհը կառուցվում էր, երթևեկության անվտանգությունը հաշվի էր առնված, ճանապարհը 2-3-րդ կարգի ճանապարհ էր», - ասաց պրոֆեսորը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ