Ապշած եմ ԼՂ շփման գծում հրադադարի վերջին լուրջ խախտումներից․ կոչ եմ անում դադարեցնել ուժի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

նկար

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հարձակման կապակցությամբ։

«Ապշած եմ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի վերջին լուրջ խախտումներից, հատկապես օգոստոսի 3-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ և հյուսիս-արևմտյան հատվածում սկսած ռազմական գործողությունից»,-ասել է Մարինա Կալյուրանդը։

Պաշտոնյան կարծում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն՝ վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը և հիմքեր դնելու խաղաղ ու բարգավաճ տարածաշրջանի համար։

«Կոչ եմ անում շահագրգիռ կողմերին խուսափել ցանկացած գործողությունից, որը կխաթարի վստահությունը և սպառնալիք կլինի բանակցությունների համար այս վճռորոշ պահին»,- ասել է պաշտոնյան և հիշեցրել, որ Ադրբեջանի ՊՆ-ի գործողությունը ներառել է ԱԹՍ-ների հարվածներ, ինչի հետևանքով գրավվել են մի շարք նոր դիրքեր։

«Ցավում եմ 2 կողմերի մարդկային կորուստների համար և կոչ անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը:

Կոչ եմ անում բոլոր դերակատարներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ընդգծում եմ, որ բոլոր զորամիավորումները պետք է նահանջեն իրենց դիրքերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն»,- ասվում է հայտարարությում։

--00—ԼՄ