Խաղաղապահներն ասել են՝ վերադասին զեկուցել են, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի դրույթները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

նկար

ԼՂՀ Շուշիի շրջանի նախկին դատախազ Վահրամ Ղահրամանյանը «Radar Armenia»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ մայոր Անդրեյ Վոլկովի և արտախորհրդարանական ուժերի և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման մասին

Ըստ աղբյուրի՝ Վոլկովը հավաստացրել է, որ կկարգավորվեն առաջացած խնդիրները։

«Մենք ներկայացրինք մեր մտահոգությունները՝ նշելով, որ ռուս խաղաղապահները պարտավոր են պահպանել արցախահայերի անվտանգությունը։ Ռուս գեներալը մեզ ասաց, որ խաղաղապահների լիազորությունների շրջանակը մեծ չէ։ Հետո ասացին, որ իրենց վերադասին զեկուցել են, որ ադրբեջանցիները կոպտորեն խախտել են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները»,-ասել է նա։

Ըստ Ղահրամանյանի՝ խաղաղապահ առաքելության ղեկավարը խոստացել է, որ իրենք կկանխեն նման միջադեպերը և ավելի ինտենսիվ ծառայություն կիրականացնեն։

Հանդիպման ժամանակ գեներալը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների լիազորությունները մեծացնելու համար արդեն դիմում է ներկայացվել վերադասին։

Վահրամ Ղահրամանյանը նաև նշել է, որ հանդիպմանը Բերձորից և շրջակա գյուղերից մարդկանց տարհանելու հարց չի քննարկվել։ Ինչ վերաբերում է Լաչինում այլընտրանքային ճանապարհին, Վոլկովն ասել է, որ այն պետք է գործի մեկուկես ամիս անց, և այն երկու կողմից վերահսկելու են ռուս խաղաղապահները։

Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ մայոր Անդրեյ Վոլկովը երեկ հանդիպել է Արցախի արտախորհրդարանական ուժերի և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու սահմանային սրացումը։

--00—ԼՄ