Արցախի նախագահից հրաման ունենք 1 ամսում լքել Բերձորը. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

հասարակական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը 2-3 օր առաջ  հանդիպել է Քաշաթաղի շրջանի Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ և տեղեկացրել, որ բնակչությունը 1 ամսվա ընթացում պետք է լքի քաղաքը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

Օգոստոսի 2-ին Արցախի նախագահի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ Արայիկ Հարությունյանը ԱԽ ընդլայնված նիստին քննարկվել է նաև Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի հարցը։ «Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ», - նշված էր հաղորդագրության մեջ։

Կառուցվող նոր ճանապարհը, 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարության համաձայն, պետք է շրջանցի Շուշի քաղաքը։

Հուլիսի 30-ին Արցախի ԱԺ-ում պատասխանելով «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի՝ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհ ընտրելու հարցին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ կառավարությունն ընտրել է առաջարկվող տարբերակներից լավագույնը։ «Մենք պարտավոր ենք Բերձոր քաղաքից դուրս գալ, իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են», - նշել էր Հարությունյանը։

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը 24News-ին ասաց, որ բնակչությանը տեղեկացրել են քաղաքը 1 ամսում լքելու անհրաժեշտության մասին։ «Այն ինֆորմացիան, որ մենք ստացել ենք, փոխանցել ենք բնակչությանը։ Բնակչությունն արդեն մտածում է՝ ինչ անել, որոշում են։ Մարդ կա դեմ է քաղաքից դուրս գալուն, մարդ կա, մտածում է՝ «դեմ լինելով ի՞նչ կփոխվի կամ չի փոխվի»։ Ամեն դեպքում բոլորը տեղյակ են իրավիճակից, բոլորին ներկայացվել է այդ ամեն ինչը», - նշեց Բերձորի քաղաքապետը։

Ինչ վերաբերում է, թե որտեղ են Բերձորից դուրս գալուց հետո ապրելու բնակիչները, ապա Նարեկ Ալեքսանյանն ասաց. «Որտեղ որ բնակչությունը ցանկանա, որովհետեւ չկա պարտադրանք, թե որտեղ բնակվես»։

Ըստ քաղաքապետի՝ կան տարբեր առաջարկներ բնակության նոր վայրի հարցում։ «Առաջարկները ոչ միայն Բերձորում այս պահին բնակվողների համար են, այլ նաև նրանց, ովքեր այնտեղ էին ապրում մինչև դեկտեմբերի 1-ը։ Այնպես չէ, որ իրենց հարցերը լուծված են, իսկ այս պահին Բերձորում բնակվողներինը լուծված չեն։ Հաշվի է առնվում նաեւ այն, որ Բերձորի թե՛ նախկին, թե՛ ներկա բնակիչների մոտ 90%-ը եկել են Հայաստանի տարբեր մարզերից», - եզրափակեց Նարեկ Ալեքսանյանը։

24News-ը նաև փորձեց մեկնաբանություն ստանալ ԱՀ նախագահի աշխատակազմից, սակայն նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը զանգերին չպատասխանեց։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ