Ադրբեջանն իր դիրքորոշումը չի փոխել․ իրավիճակը բարդ է Արցախում, պետք է լինել շատ զուսպ․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Դավիթ Բաբայան

«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքի» հետ զրույցում Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն այսկերպ նկարագրեց վերջին օրերին արցախյան սահմաններին տեղի ունեցած հերթական սրացումները.

— Այս լարվածության հիմնական նպատակը մեկն է` հայաթափել Արցախն ամբողջությամբ: Նրանք դա անում են ամենատարբեր պատճառներով: Հիմա էլ ճանապարհի հարցն են դրել, թե իբր մենք պատրաստ ենք, իսկ Ձեր պատրաստ լինել-չլինելը մեզ համար կարեւոր չի: Ադրբեջանը շարունակում է վերջնագրերով խոսել: Բայց սա մեզ համար նորություն չէ. Ադրբեջանը մշտապես վարել է էթնիկ զտումների, բռնատեղահանության քաղաքականություն՝ հետեւողականորեն խախտելով Արցախի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու իրավունքները: Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի եւ վիրավորների առկայությունը մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է: Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ:

— Իսկ ի՞նչ սպասենք միջազգային հանրություն ասվածից:

— 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք միջազգային հանրության լռությանը, եւ այդ ժամանակահատվածում Արցախի ժողովրդի դեմ կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման: Դրա պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները:

Հատկանշական է, որ Ադրբեջանը այս քայլով փորձում է նաեւ աշխարհաքաղաքական հարցեր լուծել, այդ թվում` ստվեր գցել ռուսական խաղաղապահ առաքելության վրա եւ այդ համատեքստում նոր պահանջներ ներկայացնել: Այս ամենով հանդերձ, չեմ կարծում, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա: Պարզապես Ադրբեջանը տարբեր հանդիպումներից, պահանջներ ներկայացնելուց առաջ նմանատիպ սադրանքներ է գործում` ուժի սպառնալիքի տակ որոշակի հարցեր առաջ բերելու եւ իրենց լուծումները տալու համար:

— Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված մասնակի զորահավաքը:

— Մասնակի զորահավաքը կապված է շփման գծում լարվածության հետ, որեւէ խուճապ չկա: Այս պահին էլ ռուս խաղաղապահների շնորհիվ որեւէ մարտական գործողություն չկա:

— Իսկ Բերձորի եւ Աղավնոյի բնակիչների մասով որեւէ քաղաքական որոշում կա՞:

— Այս պահին չեմ կարող ասել, դեռեւս քննարկումների ընթացքում ենք: 

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն էլ մեզ հետ զրույցում նկատեց.

— Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել, նույն նպատակներն ու ծրագրերն ունի: Շատ սառնասրտորեն պետք է մոտենանք այդ ամենին: Պետք է հեռու մնանք դեմագոգներից, շահարկումներից: Դժբախտաբար, մենք կրկին տեսնում ենք շահարկումներ տարբեր սոցիալական ցանցերում, սուտ հայրենասերների մի մեծ բանակ է կրկին ձեւավորվում, սկսում են տարբեր բաներ գրել, ինչն անթույլատրելի է:

Պետք է հասկանալ, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, բարդ է Արցախում, աշխարհում, որի պարագայում պետք է շատ պրոֆեսիոնալ ու հայրենասեր մոտեցում ցուցաբերել: Լինենք շատ զուսպ եւ դեմագոգներից հնարավորինս հեռու:

Մենք զրուցեցինք նաեւ Բերձորի եւ Աղավնոյի գյուղապետերի հետ։

«Կոնկրետ Բերձորում եւ Աղավնոյում մարտեր չեն ընթացել, ամեն ինչ դիրքերում է: Կրակոցների ձայները Բերձոր հասնում են, բայց բերձորցիները մարտական են տրամադրված, ճանապարհը անցանելի է, մարդիկ էլ իրենց առօրյա հոգսերով են զբաղված: Ինչ խոսք, լարվածությունը ազդում է մեզ վրա, բայց մենք պատերազմներ տեսած մարդիկ ենք, մի երկու կրակոցից չենք թողելու տուն-տեղ փախնենք»,- «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով առկա իրավիճակին, ասաց Բերձորի համայնքապետ Մուշեղ Ալավերդյանը:

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանն էլ նկատում է. «Աղավնոն առհասարակ այս պահին թիրախում չէ, ամեն բան Բերձորի շուրջ է այս պահին: Մենք էլ ամուր կանգնած ենք, թուրքի դուդուկի տակ չենք պարելու: Աստված առաջ, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասում է գյուղապետը։

Ի դեպ, երեկ Բերձորի մի քանի բնակիչներ փորձել են հեռանալ, տեսնելով, թե ինչ վիճակ է, բայց նրանց կանգնեցրել են ռուս խաղաղապահները` ասելով, որ իրենք «գարանտ» են, եւ տեղահանվելու կարիք այս պահին չկա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ