Ադրբեջանը ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Բերձորի ճանապարհը. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

քաղաքական

Արցախի շփման գծում հանգիստ է, ակտիվ գործողություններ չկան, սակայն լարվածությունը պահպանվում է: Ռուսական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններն իրենց արդյունքը տվել են։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին։

Իշխանական պատգամավորի խոսքերով՝ ռուսական խաղաղապահների իրականացրած բանակցությունների արդյունքում առաջնագծի երկայնքով հանգիստ է։

Անդրադառնալով հարցին, թե հարձակումներով ադրբեջանական կողմն ի՞նչ է ցանկանում, Արթուր Հարությունյանը պատասխանեց, որ հիմնականում խնդիրը վերաբերում է Լաչինի միջանցքին և Արցախից հայկական զորքերի դուրսբերմանը։ «Ադրբեջանի հերթական սադրանքներն են, ինչպես մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է թույլ տալիս։ Ճանապարհի հետ կապված պահանջները նույնպես չեն համապատասխանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին», - ընդգծեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանն Արցախին կապող Բերձորի ճանապարհը (Լաչինի միջանցքը)։ «Ադրբեջանը ցանկանում է, որ նոր միջանցքը նոր երթուղով անցնի, այսինքն՝ Բերձորի հատվածից միջանցքը տեղափոխվի նոր կառուցվող երթուղի», - եզրափակեց Արթուր Հարությունյանը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ