ԱԺ խոսնակին ուղեկցող RAV 4-եր ձեռք բերելու համար հատկացված 54 մլն դրամը վերադարձվեց պահուստային ֆոնդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

աժ

Կառավարությունն օգոստոսի 4-ի նիստին որոշեց պահուստային ֆոնդ վերադարձնել 54 մլն դրամ, որը հատկացվել էր Ալեն Սիմոնյանի թանկարժեք ծառայողական մեքենային ուղեկցող RAV 4 ավտոմեքենաներ ձեռք բերելու համար:

«ՀՀ  Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի  N 472-Ն որոշմամբ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմն նախատեսում էր որպես ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաներ՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահին սպասարկող ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար։

Սակայն ներկրող «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն, պայմանավորված արտաքին գործոններով, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային Ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ Ուստի, ՀՀ Ազգային Ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից։

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 472-Ն որոշումը և այդ նպատակով ՀՀ Ազգային Ժողովի 2022 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին վերաբաշխված 54.0 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ»,-նշվոււմ է նախագծի հիմնավորման մեջ։

--00—ԼՄ