Չալաբյանը մեղադրում էր Փաշինյանին բանակը կազմալուծելու մեջ. նա կալանավորվեց ևս 3 ամսով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

հասարակական

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը տարածել է հաղորդագրություն, որում ասված է․

«Երեկ` ս.թ. օգոստոսի 3-ին, մինչև ուշ երեկո տևած նախնական դատակսումների ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ևս 3 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին: «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը կիրառվեց հենց դատարանի դահլիճում: Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին հանցակազմի բացակայությամբ շինծու քրեական գործով, ապա հուլիսի 27-ին ազատ էր արձակվել` դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրանալու արդյունքում։

«Այս որոշումն աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում, թերևս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում: Այս անհեթեթ գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից, և ինչ աղաղակող ապօրինությունների է այն պատրաստ գնալ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով: Սակայն և ոչ մի ապօրինություն ի զորու չի շեղելու մեզ մեր նպատակից՝ կառուցելու ազատ ու հզոր երկիր, և արդար հասարակարգ բոլորիս համար: Մեր պայքարը շարունակվում է և միայն նոր թափ է ստանալու, մինչ այդ ես շնորհակալություն եմ հայտնում մեր բազմաթիվ արժանապատիվ քույրերին և եղբայրներին, որոնք այս օրերին գտնվեցին մեր կողքին, և իրենց ներկայությամբ և սկզբունքային դիրքորոշմամբ, ուժ և վճռականություն տվեցին մեզ շարունակելու մեր պայքարը»,- իր պաշտոնական էջում մինչև կալանավորումը վերջին գրառումն է կատարել Ավետիք Չալաբյանը:

Դատալսման ընթացքում հանրային մեղադրողը միջնորդեօ էր Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որը, ըստ նրա, ամբողջությամբ ի զորու էր ապահովելու Չալաբյանի պատշաճ վարքագիծը և որ տվյալ պարագայում կալանավորման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ Չալաբյանի պաշտպանները  նախ առաջարկել էին ընդհանրապես ոչ մի խափանման միջոց չկիրառել, քանի որ բացակայում են դրա կիրառման քրեադատավարական հիմքերը, իսկ ամեն դեպքում խափանման միջոց կիրառելու պարագայում, առաջարկել էին դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով համակցված, այսինքն՝ մի քանի  խափանման միջոցների` գրավի և երաշխավորության համատեղ կիրառման հնարավորությունը: Չալաբյանի համար երաշխավորագրեր էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի հարգված գործիչներ, այդ թվում նաև նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, «Հայ ասպետ» դպրոցի հիմնադիր Կարին Տոնոյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, «Վերադարձ Հայաստան»  հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և այլք, ովքեր ներկա էին դատական նիստին:

Հատկանշական է, որ Չալաբյանի պաշտպաններն առհասարակ միջնորդում էին կարճել գործը` հիմք ընդունելով այն փաստը, որ գործի հիմքը հանդիսացող նյութը հրապարակվել է կեղծ լրատվամիջոց որակված հարթակում, որը փոխկապակցված է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ: Նշյալ դատողությանը հանրային ստուգված հարթակում տեղ գտած հետաքննական հոդվածի հիման վրա է կատարվում:

«Նախաքննական մարմինը հանցավոր անգործություն է ցուցաբերել և որևէ էական գործողություն չի իրականացրել, որ այդ ձայնագրությունը գտնի, նույնիսկ ծանուցագիր է ուղարկել կայքի տնօրենին, կայքի տնօրենը չի ներկայացել հարցաքննության, և նախաքննական մարմինը փակել է վարույթը։ Հետաքրքրիր է, եթե դուք ծանուցագիր եք ուղարկում, ապա ենթադրում եք, որ այդ տեղեկատվությունը կարևոր է, չէ՞: Եթե այդ տեղեկատվությունը կարևոր է, ինչու՞ քայլեր չեք ձեռնարկում այդ տեղեկատվությունը ստանալու համար: Ես կասեմ`շատ պարզ պատճառով: Հարգելի հանրային մեղադրողը հայտարարեց, որ այս գործը քաղաքական ենթատեքստ չունի, որովհետև պարզ էր դառնալու, թե որտեղ եք սարքել  այդ ֆաբրիկացիան, պարզ էր դառնալու` ինչ նպատակով: Ավելին ասեմ, գնալու էր հասներ մինչև  պատվիրատուին, իսկ մենք գիտենք, թե որտեղ է պատվիրատուն։ Պատվիրատուն նստած է վարչապետի աթոռին ու նա իրեն ենթակա տարբեր այդպիսի կայքերի միջոցով  ֆաբրիկացիաներ է սարքում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ»,-դատարանում իր խոսում ասաց Ավետիք Չալաբյանը, ով երկուսուկես ամիս անազատության մեջ գտնվելուց առողջության վատթարացում է արձանագրել, ստացել է հիպերտենզիա 3-րդ աստիճանի ախտորոշում և նշանակվել է սրտաբանի վերահսկողությամբ ամբուլատոր բուժման:

«Ես չեմ վախենում կալանավորումից։ Ես ուրիշ բանի վրա եմ զարմանում: Ինչու եք կալանավորում  ևս 3 ամիս ժամկետով։ Ցմահ տվեք, բերանս էլ կապար լցրեք, որ մեռնեմ։  Դուք էլ հետո կգնաք, կասեք` հարգելի այսինչ, Ձեր խնդիրը կատարված է»,- իր ելույթում ասաց Ավետիք Չալաբյանը, ապա հավելեց,- «Դուք Ձեզ օրենքից վեր եք դասում, բայց օրենքը դա թույլ չի տալիս։ Վաղ թե ուշ այս երկրում օրենքը վերականգվելու է, իմ պայքարը նաև դրա համար է, որպեսզի այս երկրում օրենքը  վերականգնվի, որպեսզի այս դատալսումները օրենքով տեղի ունենան, օրենքի տառին և ոգուն համապատասխան: Դուք հիշեք, օրենքը վերականգնվելու է, և այսօրվանից սպասեք այդ օրվան: Օրենքը Ձեր հետևից գալու է»։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը, ով Հայաստանում մասնակցել ու ներդրում է կատարել ռազմարդյունաբերության և պաշտպանական համակարգերի ներդրման նախագծերում և 2020թ. նոյեմբերից հրապարակավ քննադատում է Նիկոլ Փաշինյանին` բանակը հետևողականորեն կազմալուծելու ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանությունից զրկելու հանցավորության համար:  Նրա հանրային ելույթներից առանձնացված են պաշտպանական համակարգին վերաբերող խոսքեր»:

--00--ՏՏ

Տեսանյութեր