Իրավիճակն Արցախի Մարտակերտի ուղղությամբ հանգիստ է. վարչակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

քաղաքական

Իրավիճակն Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ հանգիստ է։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով ստեղծված լարվածությանը։

Այլ հարցերի Ավանեսյանը չպատասխանեց՝ նշելով, որ զբաղված է, ժամանակ չունի հարցերի պատասխանելու։

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը' ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է: 
Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ», - նշված էր հաղորդագրության մեջ։

Երեկ 24News-ի աղբյուրը հաղորդել էր, որ Արցախի ՊԲ ուժերի և Ադրբեջանի ԶՈՒ միջեւ բախումները տեղի են ունեցել Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում՝ չեզոք գոտում, Շուշիի վերին ենթաշրջանում՝ Բերդաձորի ենթաշրջանում, Եղցահող գյուղի մերձակա տարածքում, Մարտակերտի շրջանի Սարսանգի ջրամբարի մոտակայքում։ 

Երեկ Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ։

--00--ՏՏ

Տեսանյութեր