Իրանն ուղիղ տեքստով ասել է Թուրքիային, որ չի հանդուրժի միջանցքի գոյություն հայ-իրանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

քաղաքական

Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, զգուշացում էր Ղարաբաղի հարցով Թուրքիային և Ադրբեջանին, որ «բավարարվե՛ք ձեռք բերածով, և այլևս որևէ առաջխաղացում, նպատակներ չհետապնդե՛ք թեկուզ այդ մասով»։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով Թեհրանում Իրանի գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը։

Երեկ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանն Իրանի գերագույն առաջնորդը գոհունակություն էր հայտնել «Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու կապակցությամբ»։

Երեկ Իրան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եռակողմ գագաթնաժողովի համար, որի օրակարգում են Ուկրաինայի և Սիրիայի հարցերն։ 

Իրանագետ Ահարոն Վարդանյանի խոսքերով՝ տարածաշրջանում ներկայումս ձևավորված ստատուս-քվոն ձեռնտու է Իրանին, Արցախի վերաբերյալ խոսքը վերաբերում էր ստատուս-քվոյի պահպանմանը։

Էրդողանի հետ նույն հանդիպմանը Խամենեին, անդրադառնալով Իրան- Հայաստան սահմանին, ասել էր, որ եթե «Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իսլամական հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այն հազարամյակների հաղորդակցության ուղի է»:

Այս արտահայտությամբ, ըստ Ահարոն Վարդանյանի, Իրանն ուղիղ տեքստով ասել է, որ չի հանդուրժի որևէ միջանցքի գոյություն, ինչի մասին բազմիցս խոսում են Թուրքիան և Ադրբեջանը՝ նշելով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը և դրա տակ նկատի առնելով Սյունիքով նախատեսված ճանապարհը, որը պետք է հաղորդակցություն ապահովի Նախիջեւանի և Ադրբեջանի միջեւ։ «Այդ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը» եթե ոչ իրավաբանորեն, բայց փաստացիորեն հատելու է հայ-իրանական սահմանը։ Եվ իրանական կողմից ամենաբարձր մակարդակով, ուղիղ տեքստով զգուշացնում են Թուրքիային, որ չեն հանդուրժելու»։

Մյուս հետաքրքիր դրվագը, ըստ իրանագետի, այն է, որ Իրանի հոգեւոր առաջնորդը նշեց «հազարամյակների պատմություն ունեցող» սահմանների մասին։ «Դա նույնպես իրանական դիվանագիտությանը կամ մտածելակերպին հատուկ տարր է։ Երբ թուրքական կողմին մատնացույց է արվում այդ սահմանի տարիքը, այն պարագայում, որ Թուրքիան այդքան տարիք չունի։ Թուրքիան և Ադրբեջանը, ունենալով այդ պատմությունը, տարիքը, փորձում են տարածաշրջանում նոր պատմություն գրել։ Այդ արտահայտությունն ընդգծում էր Հայաստանի և Իրանի մշակութային առավելությունը», - եզրափակեց իրանագիտության ամբիոնի դասախոսը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ