«Տիգրան Ավինյան» պլանը տապալվում է․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Տիգրան Ավինյան մետրո

«Իրավունք» թերթը գրում է. «Աշնանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ տեղի կունենան, թե՝ ոչ, մինչ այս պահը որեւէ վերջնական պատասխան չկա: Սակայն, Երեւանն արդեն ունի երեք քաղաքապետի թեկնածու:

Այսպիսով՝ առաջինը հենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն Երեւանում նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Այնուհետեւ հնարավոր ընտրությանն իր մասնակցության մասին հայտարարեց «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը: Իսկ օրերս էլ նոր կուսակցություն է բացել ռազմական ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյանը՝ հայտնի Դոգը, որը եւս մտադիր է մասնակցել է քաղաքապետի ընտրություններին:

Եթե հաջողվի, հենց նա կլինի իրենց նոր կուսակցության՝ «Հանրային ձայնի» քաղաքապետի թեկնածուն, եթե՝ ոչ, ապա նրանք կառաջադրեն իրավապաշտպան Արտակ Գալստյանի թեկնածությունը:

Թե էլ որ քաղաքական ուժերն են պատրաստվում մտնել ընտրապայքարի մեջ, դեռ հայտնի չէ, բայց նաեւ «Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունն էլ վստահ չէ, որ հիմա արտահերթ ընտրություններ անցկացնելու հարմար պահ է, որքան էլ դրանում վստահեցրել են Տիգրան Ավինյանին:

Խնդիրն այն է, որ վարչական շրջանները եւ քաղաքապետարանը որքան էլ համալրել են ավինյանական կադրերով, սա բոլորովին էլ բավարար չէ Ավինյան Տիգրանի համար քաղաքապետի աթոռն ապահովելու համար: ՔՊ-ականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Տիգրան Ավինյանի համար անգամ հենց իրենց թիմում բոլորը պատրաստ չեն «վիզ դնել»:

Այնպես որ, ՔՊ-ականների վերին օղակներում կա մտահոգություն, որ «Տիգրան Ավինյան» պլանը տապալվում է, ուստի՝ ամեն կերպ փորձելու են գրպանային ուժերի մասնակցություն ապահովել այս կամ գալիք տարի նախատեսված ընտրություններին, որպեսզի գոնե ձայների փոշիացման ճանապարհով՝ մայրաքաղաքը հանկարծ չզիջեն իրական ընդդիմադիրներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ