ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է Լոռու մարզի սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

․

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ու մասնագետների ուղեկցությամբ այցելել է ՀՀ Լոռու մարզ և ծանոթացավ մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։

ՏՄ ղեկավարը ծանոթացել է մարզում, մասնավորապես՝ Վանաձոր համայնքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու հիմնանորոգման ու արդիականացման, Աղայան փողոցի ասֆալտապատման, Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքներին, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ համայնք-պետություն հորիզոնական համագործակցությամբ, որը ենթադրում է ծրագրերի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։

Ղեկավարի կողմից արձանագրվել է, որ  Սայաթ-Նովայի անվան զբոսայգու հիմնանորոգման ժամանակ մի քանի դեպքերում չի ապահովվել հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար անհրաժեշտ հարմարությունների առկայությունը, իսկ որոշ դեպքերում  էլ եղածներն արվել են նորմերի խախտումներով։  

Նորմերին համապատասխան չէին կառուցվել նաև ասֆալտապատվող Աղայան փողոցի մի քանի թեքահարթակներ, թերություններ կային նաև փողոցի ջրահեռացման համակարգի հանգույցներում։

ՏՄ ղեկավարը հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար նորմերին համապատասխան հարմարություններով, ինչպես նաև ապաստարանով ապահովված լինելու խիստ  ցուցումներ ու հանձնարարականներ է տվել թիվ 8 մանկապարտեզի շենքի  կառուցապատողին։

Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև աշխատանքային քննարկում, որի ժամանակ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գ․Շախբազյանը Լոռու տարածքային բաժնի մասնագետներին մարզում հատկապես ինքնակամ շինարարության կանխմանն ուղղված խիստ հանձնարականներ է տվել։

Նշենք, որ Տեսչական մարմնի վերահսկողությունը ՀՀ ողջ տարածքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ կլինի շարունակական։

--00--ԱՀ