Գյուղի վերևում հացատուն կա, մարդիկ կանգնել են, որ սնվեն, գնդակը կպել է մեքենային․ Ելփինի գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 7, 24News

0fedcabd-6bd7-4cf3-b50c-528bc17c0027.jpg

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Ելփին գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցների հետեւանքով միայն մեքենա է վնասվել, իրավիճակը հանգիստ է։ Այս մասին 24News-ին ասաց Ելփինի վարչական ղեկավար Անդրանիկ Աղախանյանը։

Ելփինի գյուղապետի խոսքով՝ գյուղի վերևում՝ դեպի Երեւան գնացող ճանապարհին, հացատուն կա, մարդիկ կանգ են առել, որ սնվեն։

«Մարդիկ մեքենան կանգնեցրել են օբյեկտի դիմացը, նստել են հաց ուտելու։ Դիտարկվող տեղ էլ չի, գնդակի վերջանակետը, երեւի որտեղ որ պետք է ընկներ, կպել է մեքենային։ Որեւէ այլ բան չի եղել», - նշեց Աղախանյանը։

Ըստ նրա՝ Ելփինը սահմանամերձ գյուղ է, կրակոցներ հաճախակի են լինում հայկական դիրքերի ուղղությամբ։

Այսօր պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Ելփինի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

--00--ԶՀ