Ինչո՞ւ Վանաձորի ավագանիում նիստերը չեն կայանում․ խմբակցությունների մեկնաբանությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

հասարակական

Երեկ երկրորդ անգամ չկայացավ Վանաձորի ավագանու նիստը, որը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Տեղական բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը հաստատելու համար հրավիրված նիստը չէր կայացել, քանի որ «Հայրենիք» և «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցությունները չէին մասնակցել և քվորում չէր ապահովվել։ 

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցություն ղեկավար Վահե Դոխոյանն ասաց, որ նախկինում նշված պատճառներով բոյկոտել են նիստը։ Ըստ Դոխոյանի՝ համայնքի բյուջեն հաստատելու համար նախ պետք է ունենալ մինչև վերջ ձևավորված համայնք, ինչն այս դեպքում չկա։ 

Անդրադառնալով «Հայրենիք»-ի և «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ի չմասնակցելու հարցին՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ղեկավար Կարեն Դավթյանն արձագանքեց․ «Ցավով»։ Ըստ նրա՝ այս նիստը վերաբերում էր համայնքի ղեկավարման և բարեկարգման խնդրին, և խմբակցությունները պետք է մասնակցեին։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե ում հետ է պատրաստ ՀԱՍԿ խմբակցությունը համագործակցել, Դավթյանն ասաց․ «Հիմա դրա ժամանակը չէ, թե ում հետ կհամագործակցենք։ Գլխավոր խնդիրը հիմա համայնքի կառավարումն է»։ 

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն ասաց, որ միանշանակ քաղաքական ճգնաժամ է համայնքում։ «Պետք է լինեն ավագանու նոր ընտրություններ, որովհետև տեսնում ենք, որ խմբակցությունները լուրջ հակադրված են, և լուրջ երկխոսություն չի ստացվում, և դրանից տուժում է համայնքը», - ասաց նա։

Ինչ վերաբերում է, թե որ խմբակցության հետ է «Ապրելու երկիրը» պատրաստ համագործակցել, Ալավերդյանն ասաց․ «Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ միայն մեր օրակարգի շուրջ»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանն ասաց, որ զբաղված է և չի կարող խոսել։

«Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը, անդրադառնալով նիստին չմասնակցելու պատճառներին, ասաց․ «Ժամանակին, երբ որ մենք նախաձեռնում էինք ավագանու նիստեր, մեզ գրավոր պատասխանեցին, որ նիստեր հնարավոր չէ անցկացնել, քանի որ առաջին նսիտը պետք է ուղղված լինի համայնքի ղեկավարի ընտրությանը։ Քանի որ այս պահի դրությամբ համայնքի ղեկավար ընտրելու վրա դատական արգելք կա դրած, այդ իսկ պատճառով ո՛չ օրինականության, ո՛չ արդարության տեսանկյունից ճիշտ չենք համարում մասնակցել»։

Ըստ նրա՝ ընթացակարգային խախտումներ են թույլ տրվել կապված համայնքային իշխանության ձևավորման հետ։ «Դրա համար, կսպասենք՝ երբ օրինականությունը կվերականգնվի, այդ պահից սկսած կգնանք համայնքի ղեկավարի ընտրության՝ դրանից բխող հետագա քայլերով»։

Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը ՀԱՍԿ համանքապետի թեկնածու Արկադի Փելեշյանն է։ Նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է և մեղադրվում է չարաշահումների մեջ։ Ասլանյանի կողմնակիցները քաղաքական են համարում իր նկատմամբ հետապնդումները։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ

Տեսանյութեր