ԱԻՆ-ում ամփոփվել են հունիս ամսվա գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 4, 24News

աին

Այսօր՝ հուլիսի 4-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն:

Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:

ՓԾ տնօրենի զեկույցի համաձայն՝ հունիս ամսին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում սպասարկվել է 54.865 զանգ, որից 930-ն՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 27, տուժել՝ 975 մարդ:

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 120 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել հունիսի 12-ին Թուրքիայում` Վան քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, 5.1 մագնիտուդով: Այն զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը զեկուցել է, որ հունիսի 20-ին ԱԻՆ ՓԾ 12 ծառայողներ գործուղղվել են ՌԴ Վլադիկավկազ քաղաք, որտեղ հունիսի 21-ից հուլիսի 12-ը մասնակցելու են ‹‹ՑԵՅ›› լեռնային ուսումնամարզական կենտրոնում կազմակերպվող ‹‹Լեռնային պատրաստություն. նախնական լեռնային պատրաստությունից մինչև 3-րդ կարգի լեռնագնաց›› թեմայով վերապատրաստման դասընթացին:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հունիսի 1-ից մեկնարկել է 2022-2023 ուս. տարվա դիմորդների փաստաթղթերի ընդունումը: ՃԿՊԱ պրոռեկտորի խոսքով, նկատելի է դիմորդների թվի աճ:

 

 

--00—ԻԴ