Նորատուսցին Нива-ով վրաերթի է ենթարկել հորեղբոր թոռանը. 13-ամյա տղան մահացել է, վարորդը որոնվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

 

98

Հուլիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 20:30-ի սահմանում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 13-ամյա Կարեն Մ.-ն է:  

Ըստ երեխայի հարազատների՝ նա մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմանում Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ․-ին, որը  տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, և ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է:  

Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արսեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:  

Ավտոմեքենան ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են, և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Աղբյուրը նաև հայտնում է, որ մահացած երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ին հորեղբոր թոռն էր: 

--00—ԼՄ