Չի բացառվում, որ մանդատս դնեմ. սեպտեմբերին կխոսեմ այդ մասին. Վահե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

քաղաքական

«Քանի որ ինձ և Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ անելու որոշումը միայն ՔՊ կոչեցյալինն է, ինձ համար դա առ ոչինչ է, և բացարձակ չի հետաքրքրում, անգամ, եթե ԱԺ -ի կանոնակարգային գործընթացներով անցնի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով իրեն և ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմանը: 

«Ազգային ժողովում, երբ այս հարցով գործընթաց սկսվի, ես հայտարարությամբ հանդես կգամ, բայց կարող եմ ասել, որ իմ կյանքում ոչինչ չի փոխվի, ես կմնամ այդ պաշտոնին, մանդատ կունենամ, թե՞ ոչ, միևնույն է ես շարունակելու եմ իմ պայքարը»,- ավելացրեց Հակոբյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է դուք ինքներդ հրաժարվեք մանդատից, պատգամավորը նշեց, որ չի բացառվում ոչինչ. «Իրադարձությունները զարգանում են դեռ, սեպտեմբերին իմ որոշումը կկայացնեմ, չեմ բացառում, որ կդնեմ մանդատս, կամ չեմ դնի, չեմ գնա ԱԺ, կամ՝ կգնամ»:

Հարցին, իշխանությունը նշում է, որ պատճառը բացակայություններն են, կարծում եք այդպե՞ս է, թե 
պատճառ էր պետք  Ձեզ և Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ անելու համար, պատգամավորը նշեց.
«Իհարկե պատճառ էր պետք, բայց քանի որ իրենք երբեք փայլուն ուղեղով աչքի չեն ընկել, ես չեմ պատկերացնում մեզ պաշտոնանկ անելն իրենց ինչին է պետք: Իրենց գործն է, իմ համար մանդատը և հանձնաժողովի նախագահի պաշտոնը երազանք չէ»:

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ