Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրավաճառության դեպքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով:

Հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից նրանք բերման ենթարկեցին 30 և 33 տարեկան երկու տղամարդու՝ «Մերսեդեսով» հանդերձ: Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով կոկաին, մեթամֆետամին, հերոին ու գաղտնի փականով դանակ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց արդյունքում պարզվեց նաև, թե նրանք որտեղ և ումից են ձեռք բերել թմրամիջոցները:

Թմրամիջոց իրացնողը, որը Երևանում բնակվող 45-ամյա տղամարդ է, ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում: Հայտնաբերվեց 7 գրամից ավելի կոկաին և մոտ 90 գրամից ավելի մեթամֆետամին:

Հարուցվել է քրեական գործ: Գնորդները ձերբակալվել են, իրացնողները` կալանավորվել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

--00--ԱՀ